Ասեղնագործ ծաղիկներով, կենդանակերպի նշաններով հագուստը կշարունակի նորաձև լինել նաև աշնանն ու ձմռանը. Արամ Նիկոլյան

Armenpress 11:24, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ուրֆա. վերածնված արժեքներ», «Մուսա. Փարաջանով» և մի շարք այլ հետաքրքիր հավաքածուների հեղինակ, դիզայներ Արամ Նիկոլյանի համոզմամբ` ներկայիս նորաձևությունն անդեմ է, չունի կոնկրետություն, թելադրում է ամեն ինչ, ամեն բան, ամեն գույն, և չկա ոչ նորաձև հագուստ:

Նորաձևության հանդեպ սիրո և դրա միտումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Արամ Նիկոլյանի հետ:

-Երկար տարիներ նորաձևության ոլորտում եք: Ինչպե՞ս ծնվեց հետաքրքրությունը մոդայի նկատմամբ, և ե՞րբ հասկացաք, որ դիզայներ լինելը ձեր կոչումն է:

-Կարծում եմ՝ ցանկացած հաջողված մասնագետի առաջ է մղում սերն իր աշխատանքի, այն գործի հանդեպ, որը կատարում է: Մանկուց սիրում էի այս աշխարհը: Երբ սովորում էի ՀՊՏՀ բիզնեսի կազմակերպում և կառավարում ֆակուլտետի երրորդ կուրսում, հասկացա, որ տնտեսագիտությունն իմը չէ, և իմ կոչումն այն է, ինչը սիրում եմ իրականում: Հորաքրոջս թեթև ձեռքով, նաև ճակատագրի բերմամբ գտա այն բուհը, որտեղ սովորեցի այս մասնագիտությունը. խոսքը Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի մասին է:

- Ձեր հորաքույրը նույնպե՞ս դիզայներ է:

-Նա դերձակ է:

-Մենք հաճախ տեսնում ենք արդեն պատրաստի հավաքածուն կամ գեղեցիկ հագուստը, բայց քչերս ենք պատկերացնում, թե ինչ ջանքերով է ստեղծվում այն: Կպատմե՞ք այդ գործընթացի մասին:

-Ամենակարևորը ոգեշնչման աղբյուրն է, որը քեզ դարձնում է ստեղծագործ, այնուհետև սկսվում է թեմայի ուսումնասիրությունը: Երբ աշխատում եմ ինչ-որ թեմայի վրա, փորձում եմ հնարավորինս շատ տեղեկություններ ունենալ դրա մասին: Անում ենք էսքիզներ, գտնում ենք անհրաժեշտ կտորներ, այլ նյութեր, տեխնոլոգիական մշակումներ, փորձեր ենք իրականացնում, և միայն այդ ամենից հետո կազմակերպում ցուցադրություն, որը մոտավորապես 15-20 րոպե է տևում, բայց  հավաքածուի վրա 6-8 ամիս ենք աշխատում:

-Նկատել եմ, որ վերջին շրջանում Երևանի տարբեր հատվածներում նորաձևության տներ են բացվում: Մրցակցություն կա՞: Եթե այո, ինչպե՞ս եք կարողանում պահպանել ոլորտում առաջատարներից մեկի դիրքերը և չկորցնել զարմացնելու կարողությունը:

-Ամենակարճ պատասխանը հետևյալն է` սիրելով: Սիրում եմ այս մասնագիտությունը, ապրում եմ այս մասնագիտությամբ և չեմ պատկերացնում այլ կերպ: Իսկ մրցակցությունը գնահատելի է, նշանակում է, որ ոլորտը զարգացում  է ապրում:

-Մեր օրերում բավականին դժվար է նոր բան ստեղծելը: Այսօրվա նորաձևությունն ի՞նչ է թելադրում:

-Ըստ իս՝ ներկայիս նորաձևությունն ամենաանդեմ նորաձևությունն է, որը չունի կոնկրետություն, որը թելադրում է ամեն ինչ, ամեն բան, ամեն գույն, և չկա ոչ նորաձև հագուստ: Մարդը, որ անհատ է և կարողանում է իր տեսակն ընդգծել ինչ-որ  հագուստով կամ աքսեսուարով, դառնում է մոդայիկ:

-Իսկ դա չի՞ բարդացնում ձեր ստեղծագործական աշխատանքը:

-Ոչ այնքան: Մեր ժամանակներում դիզայներ աշխատելն ավելի հեշտ է, քան քառասուն-հիսուն տարի առաջ: Եթե նախկինում ամեն ինչ հստակ էր, և անհրաժեշտ էր այդ հստակ կանոնների շրջանակում այնպես մտածել, ստեղծագործել, որ հնարավոր լիներ առանձնանալ, ապա հիմա սահմաններ չկան: Կարողանում ես ազատ աշխատել, ազատ ստեղծել:

-Խոսեցիք ոգեշնչման աղբյուրի կարևորության մասին: Նորաձևության ասպարեզում ձեզ համար հեղինակություններ կա՞ն, որոնց ազդեցությունը գուցե կրում եք:

-Չունեմ կուռքեր: Կան նորաձևության վարպետներ, որոնց հարգում եմ և ընդունում որպես իրենց գործի փայլուն մասնագետներ: Նրանցից յուրաքանչյուրն իր տեսակով  հետաքրքիր է: Ժան Պոլ Գոտյեին սիրում եմ իր հավաքածուների ձևվածքների,  կոնստրուկցիաների համար: Ինձ համար նա խոր մտածող է,  չափազանց ճիշտ է անում ամեն բան: Ստեղծագործական աննորմալ մտքերի համար սիրում եմ Վիվիեն Վեսթվուդին: Կոկո Շանել,  Քրիստիան Դիոր. մարդիկ են, որոնք նորաձևություն են կերտել, յուրահատուկ են:

-Անդրադառնանք մոդելներին: Նրանք ի՞նչ դեր են կատարում հավաքածուի հաջողության հասնելու հարցում:

-Ցուցադրության ընթացքում ամենակարևոր դերերից մեկը հենց մոդելինն է: Մոդելը պետք է կրի հագուստը, ոչ թե հակառակը: Հիմա հաճախ կարելի է փողոցում հանդիպել երիտասարդների, որոնց հագուստն է կրում, այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք վատ են զգում իրենց, անհարմար, բայց կրում են այդ հագուստը, քանի որ դա մոդայիկ է:

Մոդելը պետք է կարողանա ճիշտ հասցնել դիզայների մտահղացումը հանդիսատեսին հագուստը կրելու արվեստի, մշակված շարժումների, միմիկաների միջոցով: Կարծիք կա, որ մոդելները քայլող կախիչներ են, բայց այդպես չէ: Նրանց շարժուձևի, քայլի, պոդիումին պահվածքի վրա աշխատում են ոճաբանները:

-Աշուն-ձմեռ: Ի՞նչ գույներ են հիմա նորաձև: Ամբողջ ամառվա ընթացքում նորաձևությունը մեզ առաջարկում էր ասեղնագործ ծաղիկներով հագուստ: Ի՞նչ միտումներ կան տարվա ցուրտ ամիսներին:

-Ասեղնագործ ծաղիկներով, կենդանակերպի նշաններով հագուստը կշարունակի նորաձև լինել: Նորաձև է ամեն ինչ, և յուրաքանչյուր մարդ կարող է գտնել այն, ինչ իրեն դուր է գալիս:

-Բազմիցս ասել եք, որ չեք սիրում խոսել ապագա ծրագրերից: Գուցե փոխե՞լ եք ձեր միտքը:

- Հնարավոր է՝ գարնանը նոր հավաքածու ներկայացնեմ: Ամեն դեպքում աշխատում եմ: Փորձում եմ տարվա մեջ գոնե մեկ անգամ իրագործել ու հանրության դատին հանձնել իմ մեջ կուտակված ստեղծագործական գաղափարները:

 Կային ծրագրեր, որոնք ինչ-ինչ պատճառներով չստացվեց կյանքի կոչել, բայց հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի, և կկարողանամ արթնացնել իմ ներսի ստեղծագործողին, քանի որ նա ինձ խանգարում է, երբ երկար է անգործ մնում:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am