1000х90.jpg (78 KB)

#ԿինոՇաբթի. «Բոհեմական ռապսոդիան» և ևս 2 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

Armenpress 21:00, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Նոյեմբերի 1-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմեր:

«Բոհեմական ռապսոդիա»

Ֆիլմը մեծարում է Queen խմբի անդամներին, նրանց երաժշտությունը և նշանավոր վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիին, ով մարտահրավեր նետեց կարծրատիպերին և հաղթահարեց պայմանականությունները` դառնալով մոլորակի ամենասիրված արտիստներից մեկը։ Կինոնկարը պատմում է նաև խմբի հանրահայտ երգերի և հեղափոխական երաժշտության շնորհիվ գլխապտույտ հաջողության հասնելու ճանապարհի մասին, Մերկյուրիի կյանքը վերահսկողությունից դուրս գալու պատճառով խմբի գրեթե բաժանման և Live Aid համերգի նախօրեին նրանց հաղթական վերամիավորման մասին, որը դարձավ ռոք երաժշտության պատմության մեծագույն ելույթներից մեկը։

Ռեժիսոր՝ Բրայան Սինգեր, դերերում՝ Ռամի Մալեկ, Լյուսի Բոյնթոն, Մայք Մայերս և այլք:

«Հանթեր Քիլլեր»

Ամերիկյան սուզանավը՝ «Hunter Killer»-ը, աշխարհն աղետից փրկելու համար ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ դիմում է վտանգավոր մարտական գործողությունների: Ժամանակը սպառվում է, ամեն րոպեն շատ թանկ է դառնում, և լավագույն թիմը պետք է ամեն գնով կանխի գլոբալ հակամարտությունը: 

Ռեժիսոր՝ Դոնովան Մարշ, դերերում՝ Ջերարդ Բաթլեր, Գարի Օլդմեն, Էտան Բերդ և այլք: 

«Սարսափները 2։ Անհանգիստ Հելոուին»

Ամայի մնացած տանը երեխաները գտնում են Ռոբերտ Լոուրենս Ստայնի «Անհանգիստ Հելոուին» տարօրինակ գիրքը: Ընկերները հասկանում են, թե ինչու են գիրքն այդքան հեռու թաքցրել միայն այն բանից հետո, երբ քաղաքը գրավում են սարսափելի հրեշները:

Ռեժիսոր՝ Էրի Սանդել, դերերում՝ Վենդի ՄակԼենդոն-Քովի, Մեդիսոն Այսմեն, Ջերեմի Ռեյ Թեյլոր և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am