1000х90.jpg (78 KB)

Տնտեսական ակտիվությունն 9 ամիսներին կազմել է 6.6%. ԱՎԿ-ն ճշգրտել է ցուցանիշները

Armenpress 11:46, 1 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 6.6%, որն ապահովվել է հիմնականում արդյունաբերության, ծառայությունների, առևտրաշրջանառության, տրանսպորտի, շինարարության, կապի ոլորտներում արձանագրված աճի շնորհիվ: Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա ցուցանիշները տարեսկզբից սկսած ճշգրտվել են, և ըստ այդ փոփոխությունների՝ չնայած սեպտեմբեր ամսին նկատված տնտեսական ակտիվության նվազմանը, ընթացիկ տարվա 9 ամիսների ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է քան նախորդ տարվանը, որը կազմել էր 5.1%:

2018թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 257.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ աճել է 18.8 տոկոսով: Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 29.6 տոկոսով, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝ 35.2 տոկոսով: Կրթության ոլորտում մատուցված ծառայությունների գծով նկատվել է ծավալների 0.8 տոկոս նվազում:

Ինը ամիսների ընթացքում առևտրի շրջանառությունը կազմել է 2 տրլն 50 մլրդ դրամ, և արձանագրվել է 10.1 տոկոս աճ՝ 2017թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ:

2018թ.-ի ինը ամիսներին 2017թ-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ շինարարության և տրանսպորտի ոլորտներում նույնպես նկատվել են աճման միտումներ: Տրանսպորտի ոլորտում գրանցված աճը կազմել է 7.8 տոկոս, իսկ շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս:

Արդյունաբերության ոլորտում աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 4.0 տոկոս: Հարկ է նշել, որ նկատվել է արդյունաբերության աճի դանդաղում, ինչը պայմանավորված է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման նվազումով: Կապի ոլորտում աճը նախորդ տարվա նկատմամբ աննշան է եղել և կազմել է 0.8 տոկոս:

Հրապարակված տվյալները ուսումնասիրելիս 4.6 տոկոս նվազման միտում է նկատվել գյուղատնտեսության ոլորտում: Դա բացատրվում է գյուղոլորտի վրա բացասական ազդեցություն ունեցած գործոնների՝ բնակլիմայական անբարենպաստ պայմանների, ջրի սակավության առկայությամբ:

Հատկանշական է, որ ՎԿ կողմից հրապարակված օպերատիվ տվյալներով ՏԱՑ-ը կազմել էր 6.5 տոկոս: Այնուհետև ՎԿ-ն հրապարակել է ճշգրտված ցուցանիշները, որոնց համաձայն ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-սեպտեմբերին կազմել է ոչ թե 6.5 այլ 6.6 տոկոս: Ընդ որում` վերջին ճշգրտված տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ընթացիկ տարվա հունվարին կազմել է 11.7 տոկոս, փետրվարին՝ 8.9 տոկոս, մարտին՝ 11.0, ապրիլին՝ 7.2, մայիսին՝ 5.6, հունիսին՝ 9.9, հուլիսին՝ 11.2, օգոստոսին՝ 0.6 տոկոս: Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է -0.1 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ նկատվել է 0.1% տնտեսական ակտիվության նվազում:

Տնտեսական ցուցանիշները վկայում են, որ չնայած երկրի քաղաքական անկայունությանն ու տեղի ունեցած հեղափոխությանը՝ հաջողվել է պահպանել տնտեսական կայունությունն ու աճի տեմպերը: Քաղաքական ճգնաժամին հետևող տնտեսական անկումը Հայաստանում հնարավոր եղավ կանխել, և ընդհակառակը՝ գրանցել տպավորիչ տնտեսական աճ, ինչն անակնկալ էր նաև միջազգային տնտեսական կառույցների համար: Մասնավորապես Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն հայտարարել է, որ Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները, ինչը պայմանավորված է տնտեսության զարգացման կանխատեսվածից բարձր ցուցանիշներով:

Ամփոփելով կարող ենք ասել, որ թեև հրապարակված ցուցանիշները փաստում են այն, որ տնտեսությունում առկա են աճի միտումներ, բայց միևնույն ժամանակ կարևոր է չանտեսել տնտեսությունում առկա խնդիրները: Այդպիսի խնդիրներից են հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցերը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության հետագա զարգացման, նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից: Առաջնային հարց է զբաղվածության ավելացումը, որը պետք է իրականացվի պետական ապարատի ուռճացվածության հաղթահարման հետ համատեղ, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը: Այս և մյուս սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը պետք է լինեն խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարության հիմնական մտահոգությունը և անելիքը:

Պանդուխտ Մարտիրոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am