1000х90.jpg (78 KB)

Սպառնում են արդյոք Կոնգրեսի ընտրությունները Թրամփին

Armenpress 14:54, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ակտիվ ընթանում է նոյեմբերի 6-ին նախատեսվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավում ակտիվ ներգրաված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով բացահայտ հայտարարում է, որ թեպետ իր անունը չկա ընտրական ցուցակներում՝ ընտրելով հանրապետականներին, ընտրողներն իրենց ձայնը տալիս են իրեն: Ստորև փորձենք ներկայացնել թե ինչո՞ւ են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կարևոր ԱՄՆ նախագահի համար և որո՞նք են այն մարտահրավերները, որոնց Թրամփը կարող է բախվել հանրապետականների հնարավոր պարտության պարագայում:

Մինչ վերոնշյալ հարցադրումներին անդրադառնալը նշենք, որ ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում հանրապետականները (100 տեղից՝ 51 տեղ Սենատում և 435-ից՝ 235 Ներկայացուցիչների պալատում): Հաջորդ ամսին սպասվող միջանկյալ ընտրություններին քվեարկություն է լինելու Սենատի 35 և Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 տեղերի համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար կուսակցություններին անհրաժեշտ է առնվազն 218 մանդատ, իսկ Սենատում մեծամասնության համար հանրապետականներին հարկավոր է  9, իսկ դեմոկրատներին՝ 28 մանդատ:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի համար Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների կարևորությանը, նախևառաջ, պետք է փաստենք, որ սա նրա համար լավ հնարավորություն է՝ հանրապետական կոնգրեսականների շարքերը համալրելու իր աջակիցներով: Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց ի վեր, որոշակի տարաձայնություններ են նկատվել Թրամփի և որոշ հանրապետականների միջև, ինչը հաճախ անհնար է դարձրել տարբեր հարցերի վերաբերյալ Կոնգրեսի  աջակցություն ստանալը: Հաշվի առնելով այն փաստը, որ 2018-ից հետո Կոնգրեսի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու արդեն 2020 թվականին, Կոնգրեսում մեծացնելով իր աջակիցների թիվը՝ ԱՄՆ նախագահը ստանում է երկու տարի ժամանակ՝ առաջ տանելու իր համար կարևոր օրակարգային հարցեր:

Այնուամենայնիվ, հետաքրքրական է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախկին փորձը ցույց է տվել, որ հաճախ ԱՄՆ նախագահի կուսակցությունը պարտություն է կրում ընտրություններում: 1862 թվականի քաղաքացիական պատերազմից ի վեր անցկացված Կոնգրեսի 39 միջանկյալ ընտրություններից 36-ի պարագայում այդ պահին գործող նախագահի կուսակցությունը պարտվել է: Եվ որքան ցածր է նախագահի վարկանիշը, այնքան բարձր է նրա կուսակցության պարտության հավանականությունը: Օրինակ, Gullup–ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ դեմոկրատ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության առաջին շրջանի ժամանակ նրա վստահության քվեն 45 տոկոս էր (Դոնալդ Թրամփի միջին վարկանիշը՝ 39 տոկոս է), և 2010 թվականի նոյեմբերի 2-ին միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն ստացան թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում:

Հոկտեմբերի 17-ին իրականացված վերջին հարցումների արդյունքները ցույց  են տալիս, որ դեմոկրատների և հանրապետականների միջև բավական հավասար պայքար է ընթանում, քանի որ նրանց աջակիցների թիվը գրեթե չի տարբերվում: Մասնավորապես Rasmussen Report-ի կողմից հոկտեմբերի 17-ին հրապարակված հարցման արդյունքները փաստում  են, որ հարցվածների 44 տոկոսն աջակցում է հանրապետականներին, իսկ 45 տոկոսը՝ դեմոկրատներին:  Նշենք, որ Rasmussen Report-ը մայիս ամսից շաբաթական կտրվածքով իրականացնում է հարցումներ 2500 մարդու շրջանում, և այդ ողջ ընթացքում հանրապետականները հիմնականում զիջել են դեմոկրատներին: Միայն վերջին շաբաթների հարցումների արդյունքում են կուսակցությունների աջակիցների ձայները գրեթե հավասարվել:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նշենք, որ հանրապետականների հնարավոր պարտության պարագայում Թրամփի համար գրեթե անհնար կդառնա ստանալ Կոնգրեսի հավանությունն իր համար կարևոր օրակարգային հարցերի հետ կապված: Օրինակ, եթե ներկայումս Սենատում հանրապետականները կարողանում են ձայների պարզ մեծամասնությամբ հաստատել Թրամփի տարբեր նշանակումները (Գերագույն դատարանի դատավորներ, նախարաներ և այլն), ապա դեմոկրատների մեծամասնության պարագայում դա այլևս հնարավոր չի լինի: Բացի այդ, Թրամփի համար գրեթե անհնար կդառնա հաջողության հասնել իր համար կարևոր այնպիսի հարցերում, ինչպես օրինակ՝ հարկերի հետագա կրճատումը, միգրանտների թվի և այլ երկների  հետ առևտրային  սահմանափակումները և այլն:

Հատկանշական է, որ հանրապետականների ձախողման դեպքում Դոնալդ Թրամփը կարող է բախվել Կոնգրեսի կողմից նրա իմփիչմենթի նախաձեռնության: ԱՄՆ-ում իմփիչմենթի հնարավորություն է տրվում Ներկայացուցիչների պալատին՝ ձայների մեծամասնությամբ: Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի հաստատման պարագայում, հարցը քննարկվում է Սենատի կողմից, և եթե Սենատը ևս հաստատում է ձայների երկու-երրորդով, նախագահը հեռացվում է իր պաշտոնից:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ, թեպետ, դեմոկրատներն ունեն մեծ հավանականություն նոյեմբերին նախատեսվող ընտրությունների արդյունքում ստանալ մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում, ԱՄՆ ընտրական գործընթացների նախկին փորձը ցույց է տվել, որ հաճախ անգամ ամենահավաստի համարվող հարցման արդյունքները կարող են չհամընկնել ընտրությունների իրական արդյունքների հետ: Նման երևույթի ականատես եղանք ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների արդյունքում, երբ, ի հակադրություն բոլոր կանխատեսումների և հարցումների, Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ:

Լիանա Հովհաննիսյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am