1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներ նորոգում են երկրորդային նշանակության ճանապարհները

Armenpress 22:03, 23 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի շուրջ 20 համայնքների երկրորդային նշանակության փողոցներ այս օրերին նորոգվում են Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի հիմնանորոգման նպատակով հանված ասֆալտի հին շերտի հումքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրից մինչեւ Սեւանի թերակղզի ձգվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է 229 միլիոն դրամ:

«Պետք է ասֆալտապատվի երկկողմանի ճանապարհահատվածը մոտ 6 կիլոմետր երկարությամբ եւ 65 հազար քառակուսի մետր մակերեսով: Ֆրեզված ասֆալտը, որը հեռացվում է շինհրապարակից, տրամադրվում է շուրջ 20 համայնքների, որտեղ պետք է իրականացվեն երկրորդային նշանակության փողոցների նորոգման աշխատանքներ: Հիմնանորոգվող ճանապարհից դուրս է բերվելու շուրջ 3600 խորանարդ մետր ֆրեզված ասֆալտ, որն անվճար տրամադրվում է համայնքներին:

Արդեն մի քանի օր է, ինչ համայնքապետարաններն իրենց ուժերով տեղափոխում են ասֆալտի հումքը եւ նորոգում ներհամայնքային ճանապարհները: Առաջիկա օրերի ընթացքում ֆրեզված ասֆալտի հումքն ամբողջությամբ կհատկացվի շահառու համայնքներին»,- հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am