Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Armenpress 19:51, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Թելման Թադևոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամենակարևոր մոտեցումը, որ հատկանշել է Երևանի քաղաքապետը, բնակիչների կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրին քաջատեղյակ լինելն է, ինչն էլ հնարավորություն կտա գտնել ու կիրառել համակարգային լուծումներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որը կատարվել է ի նպաստ նուբարաշենցիների խնդիրների լուծման:

«Վարչական շրջանի հարգելի աշխատակազմ, համոզված եղեք, որ Թելման Թադևոսյանը պատրաստ է ծառայելու Նուբարաշենում ապրող բնակիչներին: Կխնդրեմ, որ օգնեք ձեր նորանշանակ ղեկավարին, որպեսզի բնակիչները գոհ լինեն կատարած աշխատանքից ու կարողանաք ապահովել շարունակական զարգացում:  Մեր պետությունը նոր փուլ է մտել, և մեր քաղաքացիները շատ մեծ սպասելիքներ ունեն մեզանից, ուստի, մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Նաև ուզում եմ նշել, որ թե ես, և թե թիմը միայն ողջունում ենք պրոֆեսիոնալներին և բոլոր այն մարդիկ ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և պատրաստ են ծառայելու Երևանին ու երևանցիներին՝ միասին մենք կարող ենք նոր արդյունքների հասնել»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը շնորհավորել է Թելման Թադևոսյանին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է նաև վարչական շրջանում կառուցվող նոր մանկապարտեզի շինարարության ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մանկապարտեզը հնարավորություն կունենա իր հարկի տակ հյուրընկալելու նուբարաշենցի 132 երեխա:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am