Մարատ Բիրիմջանը ԵԱՏՄ-ն համարում է անդամ երկրների արտահանման ներուժը իրացնելու լավ հնարավորություն

Armenpress 16:38, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության միասնական տարածքը թույլ է տալիս անդամ երկրների գործարարներին իրացնել իրենց արտահանման ներուժը: Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Kazakh Invest-ի փոխտնօրեն Մարատ Բիրիմջանը:

«Որքան շատ մենք բացենք հնարավորությունները բիզնեսի, ինչպես նաև գործընկերության ընդլայնման  համար, այնքան շուտ կազատականացնենք  մեր օրենսդրությունները: Որքան մենք մեծացնենք գործընկերությունը Միության շրջանակներում, ավելի լավ կօգտագործենք թե՛ ընդհանուր Եվրասիական տնտեսական միության, թե՛ դրա անդամ յուրաքանչյուր երկրի արտահանման ներուժը»,- ասաց Բիրիմջանը:

Հարցին, թե ի՞նչ կառաջարկի հայ գործարարներին, Մարատ Բիրիմջանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ լինել երկխոսության ակտիվ մասնակից պետական կառավարման մարմինների հետ հետադարձ կապի, կոնկրետ առաջարկների և նախաձեռնությունների առումով: Այստեղ, ցավոք, բիզնեսի և գործարարների միջև ակտիվ երկխոսություն չկա»,- ասաց նա՝ պետական կառավարման մարմիններին ևս կոչ անելով գործարարներին ավելի շատ ներգրավել օրենսդրական փոփոխությունների և բարելավումների քննարկումներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am