Արթուր Գևորգյանը կարծում է, որ բռնցքամարտիկներին կաշառում են Հայաստանի առաջնությանը չմասնակցելու համար

Armenpress 16:22, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը կարծում է, որ բռնցքամարտի երկրորդ ֆեդերացիան, որն օրեր առաջ է բացվել, կաշառում է մարզիկներին` առաջարկելով չմասնակցել Հայաստանի առաջնությանը:

«Որևէ այլ ֆեդերացիա, բացառությամբ այսօր Հայաստանի առաջնությունն անցկացնող ֆեդերացիայի, կապ չունի սիրողական բռնցքամարտի հետ: Լավ երևույթ չէ, որ նույն մարզաձևի երկու ֆեդերացիա կա, դրա արդյունքում կորչում է որակը: Բայց եթե մարզիկներն ուզում են մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, կամ Օլիմպիական խաղերին միակ ճանապարհը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է և այս առաջնությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով` բռնցքամարտի մյուս ֆեդերացիան կաշառք է առաջարկել մարզիկներին, որ չմասնակցեն Հայաստանի առաջնությանը. «Այս կերպ այդ ֆեդերացիան պարզապես կործանում է, այդ երեխաների ապագան: Այս առաջնությանը չի մասնակցում Նարեկ Մանասյանը: Նրա հետ կապված մեր ֆեդերացիան բացառիկ ներդրում ունի: Ես հասկանում եմ, որ այդ քաշային կարգում լուրջ մրցակցություն կա և գուցե վախն է պատճառը նրա չմասնակցության»:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Գևորգյանն ինչպես է տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, նա պատասխանեց. «Ինչպես բացել են, թող այդպես էլ աշխատեն: Մի ֆեդերացիան իրավունք չունի մյուս ֆեդերացիայից բողոքի: Չկա մի տրամաբանությոն, որի միաժամանակ երկու ֆեդերացիա լինի»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am