Գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության. Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի քվեարկությանը

Armenpress 21:56, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ԸՕ-֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին, առաջին հերթին, հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար:

«Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ-ն և «Իմ քայլը» դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով»,- նշել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց     56, դեմ՝ 3 պատգամավոր: Օրինագծերի փաթեթը հաստատելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ստորագրություն: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am