Նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին

Armenpress 19:12, 22 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 22-ին ընդունեց «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, որոնք բողոքում են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանց պնդմամբ՝ ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված այն փոփոխությանը, ըստ որի՝ արգելքը գործում է անժամկետ։ Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բազմաթիվ մեքենաներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան: 
Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ օրենքն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունն աջակողմյան է, ըստ այդմ էլ բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհային նշանները կահավորված և հարմարեցված են ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար։
Որպեսզի քննարկումն առավել օբյեկտիվ լինի, պայմանավորվածություն ձեռք բերվեց այն շարունակել առաջիկա օրերին, նաև պատասխանատու մյուս գերատեսչությունների և աջ ղեկով մեքենաների ներկրմանը դեմ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am