Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ»-ին 100-ից ավելի ընկերություն է մասնակցում

Armenpress 19:15, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, մասնակցում է 100-ից ավելի ընկերություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ցուցահանդեսի աջակից «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը նշեց, որ արդյունքները հայտնի կլինեն ցուցահանդեսն ամփոփելուց հետո: «Այսօրվա այս ցուցահանդեսում միայն ազգային տաղավարներում հինգ ոլորտներում 60-ից ավելի ընկերություններ են ներգրավված՝ Հայաստանից Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսի»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի, Տաթև Դուրյանի

Անդրադառնալով նախորդ ցուցահանդեսներում գրանցած արդյունքներին՝ Միրզոյանը հայտնեց, որ հայկական ընկերություններից մեկը մեծ պայմանագիր է կնքել Ռուսաստանի՝ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործող ընկերություններից մեկի հետ:

«Ղազախստանում էլ  ունենք դեղագործության ոլորտի վերաբերյալ պայմանագրեր: Բացի այդ, նաև «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ որոշ հայկական արտադրողներ այս ձևաչափից  դուրս ևս մասնակցում են  ցուցահանդեսին, հիմնականում, սննդի արդյունաբերության, խմիչքների, գորգերի ոլորտում»,- ասաց նա:

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավարը փաստեց, որ  շարժը բավականին ակտիվ է: «Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել նաև ընկերությունների հանդիպումերը առևտրային ցանցերի հետ, ինչպես ռուսական, այնպես էլ հայկական: Ամփոփելուց հետո մենք  արդեն որոշակի արդյունքներ կարձանագրենք:  Այս տարվա ցուցահանդեսի ուղղվածությունը հիմնականում դեղագործությունն էր, ճշգրիտ ճարտարագիտությունը, ինովացիաները, օրգանական գյուղատնտեսությունը, ինչպես նաև ոսկերչությունը»,- հավելեց Հայկ Միրզոյանը:

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի Բալթիյսկի շրջանի «Սուվենիրի Բալտիկի» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Սեմյոնովը «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացնում էր զարդեր՝ պատրաստված  Կալինինգրադի սաթից:

«ԵԱՏՄ երկրներից մենք ամենաշատն արտահանում ենք Բելառուս, Ղազախստան, իսկ Հայաստանում մենք արդեն երրորդ անգամ ենք ներկայացնում մեր արտադրանքը: Արդեն իսկ հայ հաճախորդներ ունենք, ովքեր ոչ այնքան շատ, բայց գնումներ կատարում են: Գուցե որոշենք Հայաստան նույնպես մեծ ծավալով արտահանել, բայց դա կախված է տեղի գործարարների, քաղաքացիների հետաքրքրվածության աստիճանից: Դեռևս երեք խանութ կա, որոնք հետաքրքրվել են և տարին մեկ անգամ գնումներ են կատարում, բայց դա մեզ համար քիչ է, որպեսզի այստեղ էլ մեծ ծավալով արտահանենք»,- նշեց Սեմյոնովը:

SMD  կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Մացակյանը, որը ներկայացնում է մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաներ, նշեց, որ դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանելու հետ կապված դեռևս ուսումնասիրություններ են իրականացվում:

«Մեր ապրանքն ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում, արտահանելու համար խոչընդոտներ կան: Մենք բավական մեծ ռեսուրսներ ենք տրամադրել, որպեսզի կարողանանք ունենալ EC և ISO հավաստագրեր, բայց ռուսական շուկա մտնելու համար պետք է պարտադիր ГОСТ-ին համապատասխանության  հավաստագիր էլ ունենանք: Դա մեզ համար խնդիր չէ, ուղղակի, կարծում եմ, որ կարելի է ունենալ սերտիֆիկացիոն նշան, պետք չէ որպեսզի բոլորը տարբեր լինեն ու խոչընդոտներ ստեղծվեն: Ռուսական  ГОСТ հավաստագիր ունենալը հավելյալ 6 ամիս ժամանակ է պահանջում»,- ընդգծեց Տիգրան Մացակյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելը կարող է հանգեցնել երկրի տնտեսության էլ ավելի բարելավման:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am