Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ընդհանուր 21.567.472 դրամի յուրացման դեպք

Armenpress 18:33, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը՝ բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր 21.567.472 դրամ։ 

Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։

         


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am