ՀՀ նախագահի աշխատակակազմն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

Armenpress 17:35, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխությունների մասին վիճահարույց օրենքի նախագծի հետ կապված գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Մինչև սահմանված ժամկետի ավարտը կլինի համապատասխան հայտարարություն: Իսկ սահմանված ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 24-ին»,- փոխանցեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 67 կողմ ձայներով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ առանց էլեկտրոնային եղանակի, պատգամավորները քվեարկել էին ձեռքով: Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովի նիստերը չեն համարվի կայացած, եթե արտաքին խոչընդոտներով պայմանավորված պատգամավորները չեն կարողանա մասնակցել նիստին: Նախագծով նշվում է, որ այդ դեպքում նիստը կհամարվի ընդհատված և կշարունակվի այն ժամանակ, երբ խոչընդոտները կվերանան: Նախագծի ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց քաղաքացիներին և կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելու համար:

Համաձայն ՀՀ սահմանադրության 129-րդ հոդվածի՝  Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: 21-օրյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am