1000х90.jpg (78 KB)

Սա աննախադեպ երևույթ է, երբ վարչապետը սատարում է մի թեկնածուի և նա չի հաղթում. Նիկոլ Փաշինյան

Armenpress 17:28, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրություններին գրանցվեց մի շատ կարևոր արդյունք՝ քաղաքացիների ձայնը որոշիչ է: «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիների ընտրությունն անկասելի է, նրանց որևէ ձայն չի կորում, ինչպես խոստացել էինք: Ուզում եմ շնորհավորել ընտրված քաղաքապետերին, գյուղապետերին: Կապանում ես սատարում էի Նարեկ Բաբայանին, սակայն այլ թեկնածու հաղթեց: Շատ կարևոր է, որ այս փաստի գնահատականը ճիշտ տանք: Սա աննախադեպ երևույթ է, երբ վարչապետը պաշտպանում է մի թեկնածուի և այն չի հաղթում: Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակ է: Իրոք, շատ էի ցանկանում, որ Նարեկ Բաբայանը ընտրվեր, նա շատ տաղանդավոր մարդ է, բայց կարևոր եմ համարում այն, որ քաղաքացիների որոշումն է առաջնային: Մենք սրա համար էինք հեղափոխություն արել, և դուք հաղթել եք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ այն դիտարկումներին, թե վերլուծություններ են հնչում  այն մասին, որ հեղափոխական էյֆորիան նվազել է: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ընդհակառակը, այն ավելի է մեծացել:

«Իմաստն այն չէ, որ ես դարձել եմ ՀՀ վարչապետ, ես ընտրվելուց հետո եկել եմ Հանրապետության հրապարակ և հայտարարել՝  դուք հաղթեցիք: Հաղթանակի իմաստն այն չէ, որ ես ընտրվել եմ վարչապետ: Հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով դառնա  ՀՀ վարչապետ: Դա է հաղթանակի իմաստը: Այս դեպքում էլ դուք եք որոշում, թե ով լինի Հրազդանի, Կապանի քաղաքապետ: Այս ընտրությունների արդյունքում հեղափոխական էյֆորիան կրկնապատկվել է: Երևանի ավագանու ընտրություններից հետո ասում էին, թե ինչու պետք է միջամտեինք ընտրություններին, որովհետև հեղափոխական էյֆորիան դեռ կա: Ասում են՝ այ, որ պարտվելիս լինեք, այն ժամանակ կգնաք կկեղծեք արդյունքները: Ահա ձեզ Կապանի քաղաքապետի ընտրությունները որպես օրինակ, որ այդպես չէ: Հիմնական քաղաքական իմաստն այն է, որ ժողովուրդը որոշեց ով ընտրվի: Ասեմ, որ մեր թեկնածուներից երկուսը չի հաղթել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հարցադրում արեց՝ «ինչ կլիներ, եթե պարզվեր, որ ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից ոչ ոք չի հաղթում»՝ պատասխանելով, որ իրենց գործողությունները որևէ բանով չեն փոխվի: Փաշինյանի խոսքով՝ հեղափոխության նպատակը չի եղել այն, որ ինքը կամ որևէ մեկը իշխանություն ունենա: Հեղափոխության նպատակն այն է, որ ժողովուրդն է որոշում, թե ով լինի իշխանություն:

«Ես մեր քաղաքական ամենամեծ առաքելությունն իրականացրած կհամարեմ, երբ ինչպես ժողովրդի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով հասել ենք իշխանության, նույն ձևով էլ հեռանանք: Սա է իմ քաղաքական ամենամեծ առաքելությունը»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է կադրային քաղաքականության իր մեթոդաբանությանը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն տիպի նշանակումներ այս ընթացքում եղել են: Կառավարության կազմում կան և՛ երիտասարդ, և՛ տարիքով գործիչներ, նախկինում պաշտոններ զբաղեցրած կամ չզբաղեցրած անձինք:

«Դա ինձ ուրախացնում է: Կառավարության կազմը պետք է բալանսավորված լինի: Մեկ չափանիշով բալանսավորված չէ՝ կին նախարարներն են քիչ: Կապ չունի, թե նախկինում աշխատել են, չեն աշխատել, պետք է դուրս գանք այն մոտեցումից, որ նախկին իշխանությունների հետ կապ ունեցողները նոր Հայաստանում տեղ չունեն: Եկեք քաղաքական ռասիզմի գիրկը չընկնենք: Հույս ունեմ, որ այս հարցում ի վերջո ըմբռնման կհասնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ: ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Նախնական արդյունքներով՝ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am