1000х90.jpg (78 KB)

Իգոր Պետրիշենկոյի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ն պետք է միջազգային վարկանիշային հարթակում նոր դիրքեր նվաճի

Armenpress 15:21, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաշալի ընդունելություն, հետաքրքիր աշխատանքային միջավայր. Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն այսպես  բնորոշեց Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի անցկացումը:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին ավանդաբար հրաշալի ընդունելություն կազմակերպելու, հետաքրքիր աշխատանքային միջավայր ապահովելու համար: Այստեղ հնարավորություն է ստեղծված ներկայացնելու մասնակից ընկերությունների ներուժը: Իմ գործընկերների,  Հայաստանի վարչապետի հետ մենք շրջում էինք տաղավարներով, տարբեր հարցադրումներով դիմում ընկերություններին, ծանոթանում նրանց հնարավորություններին: Կարևոր է տեղեկանալ մեր ընկերությունների ներուժին, որ հետագայում ձևավորենք պայմանագրային այնպիսի բազա, կարողանանք առաջ տանել այն դրական փորձը, որի արդյունքում լինեն հարմարավետ պայմաններ գործարարների համար: Այնպիսի պայմաններ պետք է լինեն, որ մեր ընկերությունները կարողանան ազնիվ ու մրցակցային պայմաններում ազատ իրացնել իրենց ապրանքը ԵԱՏՄ շուկայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ իր ելույթում նշեց Իգոր Պետրիշենկոն:

Բելառուսի փոխվարչապետը նշեց, որ ֆորումի ժամանակ գործընկերները խոսեցին վարկանիշային ցուցանիշների, «Դուինգ բիզնես»-ի մասին: Նրա կարծիքով, ԵԱՏՄ-ն պետք է հայտ ներկայացնի և միջազգային վարկանիշային հարթակում նոր դիրքեր նվաճի:

«2018 թվականին վերջին ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ առևտրաշրջանառության ոլորտում դրական միտում է առկա, դիրքերն ամրապնդվում են: Մենք, որպես բաց տնտեսությամբ երկիր, հետաքրքրված ենք, որ ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսությունում լավ դիրք զբաղեցնի»,-ասաց Բելառուսի փոխվարչապետը:

Իգոր Պետրիշենկոյի խոսքով, ոչ միայն կարևոր է ԵԱՏՄ-ի տարածքում միության անդամ երկրների ապրանքների ազատ տեղաշարժը, այլև միջազգային շուկայում դիրքեր նվաճելը: Նա այստեղ կարևորեց անդամ երկրների միմյանց աջակցելու գործընթացը, որպեսզի ԵԱՏՄ ապրանքները դրսի շուկայում մրցակցեն ու կայուն դիրքերում լինեն:

«Մենք պետք է մեր ապրանքներն առաջ տանենք, խթանենք շրջանառությունը: Ոչ միայն Եվրոպայից բերվեն տեխնոլոգիաներ, ապրանքներ, այլև մեր ապրանքները եվրոպական շուկայում լայնորեն ներկայացված լինեն: Մենք պետք է շարունակենք աշխատել Եվրոպական միության և այլ մեր միջազգային գործընկերների հետ»,-ասաց Իգոր Պետրիշենկոն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Ցուցահանդեսային մասը միավորում է արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին տարբեր ոլորտներից՝ գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն, դեղագործական և բժշկական արտադրանք,  թեթև արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, ոսկեգործություն:

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am