1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

Armenpress 10:24, 22 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Սարուխան համայնքներում ավարտվել են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, քվեարկությունն ընթացել է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի, որոնք կարող էին էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա:

21 հազար 617 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8463 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 41,5 տոկոսը: Ներքին Գետաշենում գրանցված 6411 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2514 ընտրող, կամ՝ 39,21 տոկոսը: Նախնական տվյալներով՝ համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը շահել է 1652, նրա մրցակից Սպարտակ Գորանցյանը՝ 796 ձայն:

Վերին Գետաշենում գրանցված 3228 ընտրողներից քվեարկել են 1173-ը, կամ՝ 54,93 տոկոսը: 729 ձայն շահել է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժ, անկուսակցական Տիգրան Մուրադյանը՝ առաջ անցնելով մյուս երեք մրցակիցներից: 612 ձայն է շահել համայնքի ղեկավարի արդեն նախկին պաշտոնակատար, ՀՅԴ անդամ Հայկ Սարգսյանը:Անկուսակցականներ Դավիթ Դավթյանը եւ Արսեն Սիմոնյանը շահել են համապատասխանաբար 307 եւ 89 ձայն: Մաքենիսում իր մրցակցին՝ անկուսակցական Ռադիկ Ավետիսյանին, պարտվել է համայնքի գործող ղեկավար Հարություն Մանուկյանը: Այստեղ 348 ընտրողից քվեարկել են 257-ը, կամ՝ 73,85 տոկոսը: 147 ձայն շահել է Ռադիկ Ավետիսյանը, 101 ձայն՝ Հարություն Մանուկյանը:

Դդմաշենում 1119 ընտրողից քվեարկել են 1184-ը, կամ՝ 61,70 տոկոսը: Համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանն այստեղ հաղթել է ձայների բացարձակ առավելությամբ՝ ստանալով 882 քվե: Սարուխանում 5884 ընտրողից քվեարկել են 2321-ը-ը, կամ՝ 39,45 տոկոսը: Այստեղ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը՝ հավաքելով 944 ձայն: Երկրորդ տեղում ստացած քվեներով զբաղեցրել է Սարուխան համայնքի նախկին ղեկավար Վահան Գեւորգյանը՝ շահելով 842 ձայն: Մյուս թեկնածուներից Սամվել Զաքոյանը հավաքել է 297,Վիգեն Շահինյանը՝ 183 ձայն:

Երանոսում 3827 ընտրողից քվեարկել են 1538-ը, կամ՝ 40,19 տոկոսը, որոնցից 1045-ը ձայնը տվել են համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Սաշա Բավեյանի օգտին: Դավիթ Մելոյանի օգտին քվեարկել է 214, Երեմ Քարամյանի օգտին՝ 211, Կարեն Սարիբեկյանի օգտին՝ 39 ընտրող:Այսպիսով, համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում իրենց պաշտոնները կարողացան պահպանել Ներքին Գետաշեն համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը եւ Դդմաշեն համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանը, իսկ Մաքենիսում համայնքի գործող ղեկավարը փոփոխվեց: Երանոսում ու Սարուխանում եւս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ Սաշա Բավեյանն ու Լյովա Աբրահամյանը կարողացան պահպանել իրենց պաշտոնները, իսկ Վերին Գետաշենում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին հաղթեց Տիգրան Մուրադյանը: Հաղթած բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am