Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցավակցություն են հայտնել Հաշքաջիի ընտանիքին

Armenpress 10:09, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը եւ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում զոհված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին այս մասին հայտել Է Սաուդյան մամուլի գործակալությունը:

«Նորին Թագավորական Բարձրություն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եւ գահաժառանգ արքայազն, առաջին փոխվարչապետ եւ պաշտպանության նախարարը (Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը) հեռախոսազրույց են ունեցել Սալեհ Ջամալ Հաշքաջիի (Ջամալ Հաշքաջիի ավագ որդու) հետ, իրենց ցավակցությունն են հայտնել նրան եւ նրա ընտանիքին հանգուցյալ Ջամալ Հաշքաջիի մահվան կապակցությամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են թագավորության գլխավոր հյուպատոսարանում սուր վեճի հետեւանքով Հաշքաջիի մահվան մասին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել Է, որ այս պահին քննության տակ են գտնվում երկրի 18 հպատակներ, որոնց ինքնությունը չի հայտնվում: Նա նաեւ տեղեկացրել Է, որ իրենց պաշտոններից հեռացվել են գահաժառանգի խորհրդական գեներալ Ահմեդ Ասիրին եւ նախարարի աստիճանով թագավորական դիվանատան խորհրդական Սաուդ ալ Քահթանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am