«Հորս երգերը իմ հուշերում». համերգ՝ նվիրված ժողովրդական երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի 85-ամյակին

Armenpress 09:58, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի 85-ամյակին նվիրված երեկո կանցկացվի, որը կկրի «Հորս երգերը իմ հուշերում» խորագիրը: Այն կկազմակերպվի հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, և միջոցառմանը կմասնակցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Արմեն Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սա առաջին մեծամասշտաբ միջոցառումն է Հայաստանում՝ նվիրված ժողովրդական երգի լեգենդին:

«Երեկոյին ելույթ եմ ունենալու հիմնականում ես, կատարելու եմ իմ հոր երգերը: Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի ճանաչված արվեստագետները, ովքեր Արմեն Հովհաննիսյանի երգի երկրպագուն են: Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ հանդես կգան Գևորգ Մանասյանը, Անահիտ Սահակյանը, Մուրադ Մալխասյանը, Եվա Եգանյանը և Արսեն Գրիգորյանը»,-նշեց նա:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ համերգին կմասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի 10-ամյա ծոռը՝ Էրիկ Հովհաննիսյանը, ով նույնպես կատարում է ժողովրդական երգեր:

Հովհաննիսյանի խոսքով՝ թեպետ ինքը երկու տասնամյակից ավելի ապրում է ԱՄՆ-ում, սակայն շարունակում է հոր գործը, կատարելով ու հանրահռչակելով միմիայն ժողովրդական երգերը:

«Հայրս բավականին խստապահանջ մարդ էր, իր երգերն էլ եղել են սրտից եկող երգեր, ամեն երգ չէր երգում: Եղել է լավ հայր, լավ պապիկ, լավ ընկեր, ճշտապահ էր, ճշտախոս, սուտն ու կեղծիքը չէր ներում: Փոքր ժամանակից երազում էի հորս նման լինել: Նրանից ներշնչվեցի ու ես էլ սկսեցի երգել: Կարծես թե գնում եմ հենց նրա ճանապարհով»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հովհաննիսյանների տոհմում գրեթե բոլորը երգիչներ են, մասնավորապես՝ երգում են հենց ժողովրդական երգեր: Րաֆֆի Հովհաննիսյանի որդին չի բացառում, որ ԱՄՆ-ում էլ կազմակերպեն համերգ՝ նվիրված երգչի 85-ամյակին:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1939 թ.: Եղել է Հայաստանի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: Կատարել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի, Ջիվանու, գուսաններ Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երկերից: Երգացանկից հայտնի են այնպիսի հայկական ժողովրդական և գուսանական կատարումներ, ինչպիսիք են՝ «Ղարաբաղ» «Հուշարձաններ», «Հորովել», «Դուն էն գլխեն», «Վայ գիդի բլբուլս», «Ձկնորսի երգը», «Աննման տարազով», «Հայոց աղջիկներ», «Հեյ նավավար», «Ձախորդ օրերը և այլն: Համերգային շրջագայություններ է ունեցել բազմաթիվ երկրներում, որտեղ ներկայացրել է հայ երգը: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am