Կոտայքի քննչական վարչությունը քննում է հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ ՔԿ ստացած 3 հաղորդումները

Armenpress 23:43, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  նույն օրվա  ժամը 20-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ կրկնակի քվեարկության փորձին: Ստացված  երեք հաղորդումների քննությունն էլ իրակացվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում:

Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, այսօր` ՀՀ 9 մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունները աշխատել են ամբողջ կազմով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am