Հանրապետության հրապարակում ընթանում է Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների գալա համերգը

Armenpress 21:06, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պատմությանը  նվիրված ներկայացմամբ Հանրապետության հրապարակում մեկնարկեց Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների գալա համերգը։ Թատերական ակնարկը ներկայացնում է Երևանի` հնագույն Էրեբունի քաղաքի ստեղծման պատմությունն Արգիշտի II թագավորի օրոք, թե ինչպես է ընտրվել անունը` Էրեբունի, որը նշանակում է հաղթանակ, արևի և արիների քաղաք։

«Խալդի աստծո զորությամբ` Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր Բիայնիլի երկրի, կառավարիչը` Տուշպա քաղաքի։ Ներկա և գալիս սերունդնե՛ր, ապրեք և շենացրեք երկիրը ձեր։ Կառուցեք ու շենացրեք, կառուցեք և հաղթեք, զի մեր ճակատագիրն է հաղթանակ»,- նշվեց տեսահոլովակում։

Միջոցառմանը ներկա էր Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքով` իր համար մեծ պատիվ է ներկայացնել Երևանը։ «Մենք այսօր կանգնած հայրենի հողում՝ տոնում ենք մայրաքաղաքի 2800-ամյակը։ Մենք բախտավոր ենք, որովհետև երևանցիներ ենք։ Երևանցիներ են բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են Երևանը։ Ես հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ։ Դարեր անց հայությունը կհիշի այս տարին, Երևանի 2800-ամյակը»,- նշեց Հայկ Մարությանը։

Միջոցառման համերգային հատվածում ելույթ կունենան Սոնա Ռուբենյանը,Ալլա Լևոնյանը, Աշոտ Ղազարյանը, Ֆորշը, Լեյլա Սարիբեկյանը և այլք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am