1000х90.jpg (78 KB)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

Armenpress 19:34, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը ևս մեկ հրաշալի հնարավորություն է Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաև վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը:

«Երկու քաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով այսօր իսկապես մեծ ներուժ կա, և պետք է ընդգծեմ, որ մենք պատրաստակամ ենք Ամմանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Վստահ եմ, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր է իրականացնել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Հայկ Մարությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Ամմանի քաղաքապետի, քաղաքի բնակիչների և իր անունից Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Օմար Էլ Լոուզին առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը միտված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ նախանշելու առաջիկա անելիքները:

«Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ մենք  կամրապնդենք ու կզարգացնենք  փոխգործակցությունը: Մեզ համար իսկապես կարևոր է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու հաջողված փորձի փոխանակումը»,- նշել է Օմար Էլ Լոուզին:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանն իր շնորհակալությունն է փոխանցել Ամմանի  գործընկերոջը՝ շնորհավորանքների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am