1000х90.jpg (78 KB)

Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին ուղղված նամակում ամոթալի են անվանել կալվածքների մասին օրինագիծը

Armenpress 15:01, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը,  հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:  

«Նամակում հոգևոր պետերն իրենց զարմանքն են հայտնում առ այն, որ քրիստոնյա համայնքներին պատկանող կալվածքների վերաբերյալ Կնեսետի անդամ Ռաքել Ազարիայի հեղինակած օրինագիծը ներառվել է հոկտեմբերի 21-ին կայանալիք նախարարների հանձնաժողովի քննարկման օրակարգում եւ կոչ են անում Նեթանյահուին անմիջապես միջամտել եւ մեկընդմիշտ կասեցնել օրինագծի քննարկումը: Հոգևոր պետերն օրինագիծն անվանել են ամոթալի եւ նամակում հիշեցրել են Բենյամին Նեթանյահուին, որ հուլիսին հոգևոր պետերին ուղղված իր նամակում նա վստահեցրել էր վերջիներիս, որ օրինագիծը պիտի հետ կանչել»,-նշել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նշենք, որ թեև օրինագիծը ենթարկվել է որոշ փոփոխության, այդուհանդերձ, այն տակավին հնարավորություն է տալիս պետությանը` բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am