Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Armenpress 14:16, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև հոկտեմբերի 20-ին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց: Հուշագրի համաձայն` համալսարանը կաջակցի նախարարությանը երիտասարդական, հայրենաճանաչողական և այլ ծրագրերի շրջանակում կրթական միջոցառումների իրականացմանը: Հայկական վիրտուալ համալսարանը հայոց լեզվի, պատմության  և մշակույթի դասընթացներ կտրամադրի նախարարության կողմից կազմակերպվող «Քայլ դեպի տուն» և այլ ծրագրերի մասնակիցներին:

«Արդեն ինը տարի է ինչ ստեղծել ենք Հայկական վիրտուալ համալսարանը:  25 000  մարդ սփյուռքում հետևում է առցանց  դասընթացներին կամ օգտվում է մեր առցանց գրքերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց   ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը:

Ըստ Զորյանի` 25 000-ը  շատ փոքր թիվ է, և իրենք ցանկանում են, որ համալսարանում առցանց կրթություն ստացողների թիվն աճի, ցանկանում են  հայոց   լեզուն, հայոց պատմությունը, հայկական մշակույթը`   ճարտարապետությունը, երաժշտությունն իրենց օգնությամբ շատերին հասանելի դառնան:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի խոսքով`  համագործակցությունը փոխշահավետ է, որից բացառապես շահելու է հայկական սփյուռքը: «Սփյուռքի նախարարությունը  ստանձնում է պատասխանատվություն տարածել  ծրագիրը սփյուռքում, որովհետև որակյալ գիտելիքներ ստանալու հնարավորությունը, որն ընձեռում  է համալսարանը, էական է: Դեռ փոքր լսարան  է օգտվում դրանից: Նախարարությունը խրախուսելու է, որ համալսարանն ավելի շատ ներկայացվի համայնքներում»,-շեշտեց Հայրապետյանը:

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև համագործակցությունն ի գործ է դրվել «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկով, որի 440 մասնակիցները հնարավորություն են ունեցել ութօրյա դասընթացների ընթացքում ծանոթանալ հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին: Համալսարանը նաև անվճար կազմակերպել է ծրագրում ընդգրկված ավելի քան քսան ուսուցչի վերապատրաստումը:

Տեսանյութերով, ինտերակտիվ վարժություններով հարուստ առցանց դասերի շնորհիվ դասընթացները հետաքրքիր են դարձել և արդյունավետ, իսկ բովանդակությունը հարմարեցվել է ուսանողների լեզվի իմացության մակարդակին:

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հավատարմագրված առցանց ուսումնական հաստատություն է, որն առաջարկում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր համալսարանի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ: ՎՀՎ-ի առաքելությունն է ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կխթանի մշակութային կրթությունը և կզարգացնի հաղորդակցային կապերն ամբողջ աշխարհում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am