ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը դատապարտել է սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը

Armenpress 12:33, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դատապարտել է սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի դաժանաբար սպանությունը:

«Ջամալ Հաշքաջիի սպանությունը մեզ հիշեցնում է մամուլի ազատության համար պայքարի մասին, որն ընկած է ժողովրդավարության հիմքում: Մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար, դա քննարկման ենթարկա չէ: Ես կոչ եմ անում համապատասխան իշխանություններին անցկացնել մանրակրկիտ հետաքննություն և բացահայտել մեղավորներին ու պատասխանատուներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարել է Օդրի Ազուլեն:

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:

Թուրք քննիչները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում իրականացրած խուզարկության ժամանակ ձեռք են բերել տարբեր նմուշներ, որոնցով ստուգում են Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը:

Ոստիկանության վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցված լինեն Ստամբուլին հարակից անտառում:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցվել են Յալովա քաղաքի մոտակայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am