1000х90.jpg (78 KB)

Արենիում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Armenpress 18:38, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն Արենի համայնքում մասնակցել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են նաև Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Երկկողմ զարգացման համագործակցությանն առնչվող քաղաքականության վարչության պետի տեղակալ Արիանե Հիլդեբրանդը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

2015 թ.-ից ի վեր ծրագրի շրջանակներում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման 21 գրասենյակներ՝ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ և Արենի համայնքներում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն: Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը, որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ, թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դիմումների և գրությունների ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն ապահովում է վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական միջավայրում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am