Միքայել Մելքումյանը լուծված է համարում Ընտրական օրենսգրքի առանցքային խնդիրը

Armenpress 16:48, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը  լուծված է համարում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի, իր գնահատմամբ, առանցքային՝ ռեյտինգային ընտրակարգի խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ընտրական օրենսգրքում  «Ծառուկյան» խմբակցության առաջարկությունն ընդունվել է, որի համաձայն՝ չորրորդ ուժը խորհրդարան կանցնի առնվազն երկու տոկոս ձայն հավաքելու դեպքում: Այդ առաջարկը շատ տեղին եմ համարում: Կարծում եմ` չնչին տոկոս ձայն հավաքած խմբակցությունը, եթե անցներ ԱԺ, ճիշտ չէր լինի: Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը, որին ես ծանոթ եմ, կարծում եմ, որ շատ հարցեր լուծում է: Առանցքային խնդիրը ռեյտինգային արատավոր համակարգն էր, որը փոխվեց»,- ասաց Մելքումյանը:

Անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափին` Մելքումյանը նշեց` ներկուսակցական քննարկումներ միշտ եղել են, բայց կոնկրետ որոշում չունեն ընտրություններին մասնակցելու ձևաչափի հետ կապված, քանի որ դեռևս որոշում չկա խորհրդարանական ընտրությունների օրվա առնչությամբ: Նա ընդգծեց`  ակնկալվում է, որ պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ, բայց դեռ իրավական առումով այն չկա:

«Այս ընտրությունները գնում են «հանուն»-ի, ոչ թե «ընդդեմ»-ի: Հեղափոխության արդյունքում կա հնարավորություն, որ երկիրը գնա ճիշտ ուղղությամբ: Հիմա ես կարծում եմ, որ ռեալ պայմաններ են ստեղծվել,  որ մենք գնանք ճիշտ ուղղությամբ»,- նկատեց Մելքումյանը:

Նա ԲՀԿ-ի ընտրազանգվածը շատ լուրջ գնահատեց: Պատգամավորի կարծիքով` դրա հիմքն այն է, որ իրենց կուսակցությունը երկար տարիներ աշխատել է ժողովրդի հետ:  Նա նշեց` իսկ ավագանու ընտրությունները  քաղաքական չի համարում, քանի որ երևանցիները  ավագանու ընտրությունները դիտարկում են քաղաքի սոցիալական, տնտեսական խնդիրների լուծման համար: Մելքումյանի կարծիքով` Երևանու ավագանու ընտրությունը չդարձավ ծրագրերի, գաղափարների ընտրություն:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով ռեյտինգային ընտրակարգը վերացվում Է: Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել փոփոխությունների փաթեթին: Արարատ Միրզոյանը դրա շուրջ քննարկումներ էր ունեցել նաև ԱԺ խմբակցությունների հետ: Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 22-ի նիստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am