1000х90.jpg (78 KB)

Դավիթ Տոնոյանը Թոմաս Մայր-Հարթինգի հետ քննարկել է անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Armenpress 20:00, 18 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, մասնավորապես` ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու և ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները: Զրուցակիցները նշել են այս գործընթացի իրականացման համար համապատասխան միջազգային իրավական դաշտի մշակման կարևորությունը:

Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը` նշելով, որ ներկայումս լարվածությունը որոշակիորեն նվազել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am