1000х90.jpg (78 KB)

Երևանի 2800-ամյակին ընդառաջ լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը

Armenpress 15:32, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախօրեին լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ալբոմի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշեց, որ այն առիթ է գիտահանրամատչելի կերպով աշխարհին ներկայացնելու Վանի թագավորությունը:

«Վանի թագավորությունը մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկն է: Սա առաջին համահայկական պետությունն է, որը մեկ պետականության մեջ ուրվագծեց այն սահմանները, որ հետո եվրոպացի աշխարհագրագետները պետք է կոչեին Հայկական լեռնաշխարհ: Նրա արժեքը մեր կողմից պատշաճ չի գնահատվել, մենք այսօր ունենք այդ բացը լրացնելու անհրաժեշտություն: Էրեբունի-Երևանի 2800-ամյակը շատ լավ առիթ էր այս բացը լրացնելու համար»,- ասաց Մովսեսյանը:

Ալբոմը եռալեզու է, գրված անգլերենով, հայերենով և ռուսերենով: Հեղինակի խոսքով` այստեղ որևէ քաղաքական կամ այլ ենթատեքստ փնտրել պետք չէ:

«Ալբոմը գրված է եռալեզու արձանագրությունների ձևաչափով, երբ կենտրոնում միշտ մայրենի լեզուն է: Այստեղ որևէ քաղաքական կամ այլ ենթատեքստ փնտրել պետք չէ: Գրքին կցված տեսասկավառակի մեջ կա նաև թուրքերեն տարբերակը»,- ասաց Արտակ Մովսիսյանը:

Արտակ Մովսիսյանը խոսեց նաև Էրեբունի հնավայրի մասին: Նրա խոսքով` այն գտնվում է անմխիթար վիճակում և ներկայանալի տեսք չունի:

«Էրեբունի հնավայրն այսօր ներկայանալի տեսք չունի զբոսաշրջիկների համար: Պատերին տարբեր լեզուներով գրվածքներ կան, որոնք ոչ միայն հայերի կողմից են արվել, այլև այնտեղ այցելած օտարերկրացիների: Հռոմից 29 տարով մեծ հնավայր ունենք, որը պետք է պատշաճ մակարդակով պահպանենք»,- ասաց նա:

Արտակ Մովսեսյանը հույս ունի, որ մինչև տարեվերջ իշխանություններն ու պատկան մարմինները կարձագանքեն իր բարձրաձայնած հարցին ու կնորոգեն հնավայրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am