1000х90.jpg (78 KB)

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. Արմեն Սարգսյան

Armenpress 13:46, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը:

Այնուհետև նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի և գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարևորության մասին:

«Հիմնադրամը մեծ արժեք է մեր ողջ ժողովրդի համար, որովհետև ստեղծվել է Հանրապետության և մեր ժողովրդի համար ծանրագույն պայմաններում և ունեցել է առաքելություն, որը մեծ փառքով կատարել է: Ես չէ, որ պետք է ձեզ կամ հանրությանը պատմեմ այն հաջողությունների, ծրագրերի, հարգանքի մասին, որ հիմնադրամն ունեցել է աշխարհով մեկ հայության շրջանում: Բավական է այցելել Հայաստանի տարբեր վայրեր, բավական է Երևանից ուղևորվել դեպի Ստեփանակերտ և տեսնել, թե ինչ բարձր որակի ճանապարհ է կառուցված: Բազմաթիվ նմանատիպ հաջող ծրագրեր կան: Հետևաբար նախ և առաջ ուզում եմ ձեզ շնորհավորել, որ դուք աշխատում եք մի կառույցում, որն իսկապես համահայկական նշանակություն ունի իր գործունեությամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն հայորդիներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայ ժողովրդի բարեկամներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում. «Իմ շնորհակալության խոսքը կրկին ուղղելով մեր հայրենակիցներին՝ ուզում եմ տեղեկացնել, որ հիմնադրամը ոչ միայն կենդանի է, այլև ունի պրոֆեսիոնալ շատ լավ թիմ: Որևէ դժվարություն իրականում չի կարող սասանել մեր հավատը, մեր սերը, նվիրվածությունը հայրենիքի և այն կառույցների հանդեպ, որոնք իրենց ներդրումն են բերում այդ հայրենիքին և մեծ հայրենիքին՝ նկատի ունեմ Հայաստանը, Արցախը ու նաև Սփյուռքը: Քանի որ ակնկալում եմ, որ հիմնադրամը ի վերջո նաև շատ ակտիվ պետք է գործի ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև Սփյուռքում, հետևաբար, համազգային ծրագրերի ոլորտում որևէ կասկած չպետք է լինի, որ բոլորս մեր ներուժը պետք է ներդնենք, հնարավոր ամենն անենք, որ և՛ հայրենիքը, և՛ Արցախը, և՛ ողջ հայ ժողովուրդը հասնեն իրենց նպատակներին: Ակնկալում եմ, որ բոլորս միասին կաջակցենք, սատար կկանգնենք հիմնադրամին, որպեսզի այն կատարի իր ազգանվեր գործը Հայաստանում և Արցախում»:

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ դեռևս մայիս ամսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում տնօրինության առջև հստակ խնդիր էր դրել երկու-երեք ամսվա ընթացքում ներկայացնել տեսլական ու գործունեության նոր ծրագիր՝ նշելով, որ հիմնադրամի ստեղծումից անցել են քսանից ավելի տարիներ, ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել հաջողություններն ու թերությունները:«Ժամանակը շատ ավելի արագ է շարժվում, քան հաճախ մենք կարող ենք մտածել: Հետևաբար, հիմնադրամը պետք է նոր մոտեցումներ որդեգրի, նոր ծրագրեր ունենա, նաև նոր ոճով աշխատի: Քսանմեկերորդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում: Հավատում եմ, որ հիմնադրամը նոր ավյունով մեծ հաջողությունների է հասնելու: Հավատում եմ, որ անցած ճանապարհը, հաջողությունները, նաև դժվարություններն ու անհաջողությունները դաս են լինելու, հիմնադրամը կրկին փյունիկի նման հառնելու է և առաջ է տանելու իր հոյակապ առաքելությունը: Սա է իմ ուղերձը ձեզ՝ հիմնադրամի անձնակազմին: Սա է իմ ուղերձը նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու ողջ հայությանը»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել նորընտիր գործադիր տնօրենին՝ նշելով, որ նրա առջև բազմաթիվ խնդիրներ են դրված: Նախագահը հիմնադրամի տնօրինությանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել գործունեության նոր տեսլականը՝ հաշվի առնելով ժամանակի փոփոխություններն ու զարգացումները: «Հիմնադրամը ստեղծվել է 20-րդ դարում և մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ինստիտուտ»,-եզրափակել է նախագահը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am