1000х90.jpg (78 KB)

«Սոսե»-ն աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան է բերել տարբեր խնդիրներ բարձրաձայնող ֆիլմեր

Armenpress 20:18, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակում հոկտեմբերի 17-ին «Նարեկացի»  արվեստի միությունում  ցուցադրվեցին ռեժիսորներ Կերիմ Ռահբանիի «Բեռ», Միշայել Բարոկասի «Իմ երկու սեփական ձեռքերով», Շեվալիե Գիլյոմի «Խորաթափանցները» կինոնկարները:

«Մենք միշտ փորձում ենք ընտրել այնպիսի ֆիլմեր, որոնց արծարծած խնդիրները մշտապես արդիական են:  Այսօր ցուցադրվող կարճամետրաժ կինոնկարներից մեկում խոսվում է պատերազմի ընթացքում և դրանից հետո երեխայի, հոր,  պապի միջև առաջացած բարդ հարաբերությունների մասին: Պարզ է դառնում, թե ինչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջացնել պատերազմները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Սոսե»-ի համահիմնադիր և տնօրեն  Սիմոն  Սահակյանը: 

Նրա խոսքով` ֆիլմերից մեկում ռեժիսորը ցույց է տալիս մարդու ձեռքերի կարևոր նշանակությունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում: «Այն չորս րոպե տևողությամբ համր ֆիլմ է, որում շատ ասելիք կա»,- ընդգծեց Սահակյանը:

«Խորաթափանցները» կինոնկարը պատմում է երկու երիտասարդ զույգի մասին, որոնք,  չնայած կարճ ժամանակ են  ճանաչում իրար, բայց կես բառից հասկանում են միմյանց:

Փառատոնի շրջանակում, Երևանից բացի, ցուցադրություններ են իրականացվել Եղեգնաձորում և Դիլիջանում: Անդրադառնալով դրանց` Սիմոն Սահակյանն ասաց, որ իրենք գոհ են «Սոսե»-ի ընթացքից և հատկապես՝ մարզերում տեղի ունեցած ցուցադրություններից, քանի որ կինոթատրոնները լեցուն էին, իսկ հանդիսատեսը` ոգևորված: «Դիլիջանի կինոթատրոնում մարդիկ դժվարությամբ էին հավատում, որ 30 տարի անց այն վերաբացվել է»,- շեշտեց նա և հավելեց, որ հոկտեմբերի 22-ին ցուցադրություն է նախատեսված նաև Գյումրիում:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի մրցութային փուլում կներկայացվի 172 ֆիլմ: Այս տարի փառատոնի շրջանակում ընդգրկվել են ժապավեններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Կինոփառատոնն ունի հետևյալ անվանակարգերը` «Խաղարկային կարճամետրաժ», «Խաղարկային լիամետրաժ», «Վավերագրական», «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»: Ներկայացվել է 742 ֆիլմի հայտ, դրանցից 172-ն է ընդգրկվել ծրագրում:

Երևանում ցուցադրություններ կիրականացվեն «Հայրենիք» կինոթատրոնում, «Նարեկացի»  արվեստի միությունում,  «The club»-ում:

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն կտևի մինչև  նոյեմբերի 23-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am