Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր  

Armenpress 19:46, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է երկուստեք իրականացված կոնկրետ ծրագրերը և ընդգծել, որ հարկավոր է ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ ընդգրկելով նոր ուղղություններ: Հայկ Մարությանը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի նոյեմբերին Երևան նախատեսվող այցը  հնարավորություն կտա տեղում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են փոխգործակցության ընդլայնումը  կրթական, մշակութային ու քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am