Ավետիք Էլոյանը մասնակցել է «Ռուսաստան-Հայաստան էքսպո 2018» միջազգային տնտեսական 8-րդ ցուցահանդեսին

Armenpress 18:20, 17 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ու առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր մասնակցել են «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում «Ռուսաստան-Հայաստան էքսպո 2018» միջազգային տնտեսական 8-րդ ցուցահանդեսին եւ երեւանյան բիզնես ֆորումին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, հուսալի գործընկերներ, գործարար կապեր և նոր շուկաներ՝ արդեն 8-րդ տարին անցկացվող ցուցահանդեսն անցկացվում է հայկական և ռուսական կողմերի համապատասխան կառույցների աջակցությամբ:

Ներկայացված ոլորտները բազմազան են՝ էներգետիկա, արդյունաբերություն, շինարարություն, բժշկություն, կրթություն:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարները շրջել են տաղավարներով՝ ծանոթանալով շինարարական նոր տեխնոլոգիաներ ներկայացնող կազմակերպությունների արտադրանքին:

Ռուսական «Ինժգլոբալ» ընկերության ներկայացուցիչը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին է ներկայացրել Cobiax տեխնոլոգիան, որի էությունը մոնոլիտ շենքի կառուցման ժամանակ երկաթբետոնե սալերի մեջ պլաստիկ սնամեջներ տեղադրելն է:

Դրա շնորհիվ կրճատվում է սալիկների համար պահանջվող բետոնի քանակը, նվազում է ծածկերի պողպատյա ամրանների ծախսը, արդյունքում՝ նվազեցնելով ամբողջ շենքի քաշը:

Ցուցահանդեսին ներկայացված մեկ այլ առաջարկ՝ հավաքովի արագ կառուցվող տների ժամանակակից տեխնոլոգիան՝ մոդուլային շինարարությունն է, որն իրենից ներկայացնում է արտադրական պայմաններում հավաքված մոդուլներից տարբեր նշանակության շինությունների կառուցում:

Թեթև պողպատե կոնստրուկցիաներից կառուցվող շենքեր, որոնց առավելություններից են երկարակեցությունը, սեյսմակայունությունը, հավաքման և մոնտաժի դյուրինությունը, կոնստրուկցիաների թեթևությունը՝ ոլորտը ներկայացնող բոլոր տաղավարները չես թվարկի:

Ցուցահանդեսը փորձի փոխանակման և նորարարություններին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների և բնագավառների ներկայացուցիչներին՝ նպաստելով առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am