Լուսակունքը զբոսայգի է կառուցում

Armenpress 17:39, 17 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի միջոցներով եւ տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է զբոսայգի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լուսակունքի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը, ծրագրի իրականացման համար «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ը հատկացրել է 3 միլիոն, Լուսակունքի գյուղապետարանը՝ 800 հազար դրամ: Աշխատանքներն ընթանում են այս տարվա հուլիսից:«Բարեկարգվում են Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանների տարածքները, նորոգվել է Մեծ հայրենականի զոհերի հուշարձանի քայքայված պատվանդանը: Տեղադրվում են նստարանները,անցկացվում է լուսավորություն, հատվել եւ հանվել են չորացած ծառերը: Կառուցվում է նաեւ ջրավազան, իսկ հիմնական ծառատունկը եւ կանաչապատումը կկատարվի եկող գարնանը: Շատ հեռու չէ այն օրը, երբ Լուսակունքը կունենա ժամանակակից զբոսայգի, որը կդառնա մեր գյուղի մարդկանց ժամանցի սիրելի վայրը»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:Նրա հավաստմամբ՝ գյուղի տարեցների համար արդեն ստեղծված են ժամանցի համար լավագույն պայմանները: Ծրագիրն իրականացվել է նույն «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: «Մշակույթի տան սենյակներից մեկը, շուրջ 100 քառակուսի մետր մակերեսով, վերածվել է ակումբի, որտեղ գյուղի տարեցները կամ երիտասարդները օրվա տարբեր ժամերի անցկացնում են թենիսի, շախմատի եւ նարդու խաղեր: Ակումբի ստեղծման համար 3 միլիոն դրամ հատկացրել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ը, 800 հազար դրամ՝ Լուսակունքի գյուղապետարանը: Ակումբի գույքը տրամադրել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը: Ակումբում արդեն մի քանի ամիս է, ինչ լուսակունքցիները շատ ակտիվ, խաղերով հագեցած ժամանց են անցկացնում»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am