1000х90.jpg (78 KB)

Աննա Հակոբյանը ցանկանում է մասնակցել «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն- թանգարանի կայացման աշխատանքներին

Armenpress 17:07, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 17-ին  այցելեց Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացավ մշակութային կառույցում կատարված աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը շրջեց դեռևս երկհարկանի համալիրի տարածքով մեծանուն գրողի որդու՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ:

Շրջայցի ընթացքում Դավիթ Մաթևոսյանը ներկայացրեց կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծը, ինչպես նաև գործունեության նպատակները:

«Մենք «Իմ քայլը» հիմնադրամով կցանկանանք մասնակցություն ունենալ կենտրոնի աշխատանքներին: Իհարկե, սա մեծ նախագիծ է, չգիտենք՝ որքանը կկարողանանք ստանձնել, բայց անպայման կցանկանանք մասնակցություն ունենալ, որովհետև շատ ենք գնահատում և կցանկանանք, որ այս կենտրոնը հնարավորինս արագ բացի իր դռները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Հակոբյանը:

«Արմենպրես»-ի հարցին՝ ո՞րն է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններից ամենասիրելին, Աննա Հակոբյանը պատասխանեց. «Մաթևոսյանի գործերից անընդհատ ընթերցում եմ: Չեմ առանձնացնի որևէ ստեղծագործություն: Սիրով հիշում եմ մեր շփումները, որոնք թվով շատ չեն եղել, բայց յուրաքանչյուրը շատ խորը հետք է թողել»:

Շրջայցի ընթացքում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ վերհիշեց Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումները: «1969-ին մենք ստեղծեցինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը: Շատ լավ աշխատանք էր, իմ առաջին ֆիլմերից մեկն էր: Հետո եղավ «Աշնան արևը», «Տերը» և մեր համատեղ աշխատանքը պտուղներ տվեց: Մաթևոսյանը միշտ ասում էր. «Իմ թաղմանը թող «Աշնան արևի» մեղեդին հնչի»: Մենք մի տեսակ եղբայրացանք՝ նա իր բարձր գրականությամբ, ես՝ իմ համեստ երաժշտությամբ»,-նշեց Մանսուրյանը:

Մաեստրոն առանձնահատուկ շեշտեց՝ ուրախ է, որ ստեղծվել է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան: «Փառավոր շինություն է, հիացած եմ բոլոր այն մարդկանցով, ովքեր ջանք չխնայեցին, որ այս կոթողը գոյություն ունենա մեր քաղաքում: Այն այսօրվա անկախ Հայաստանի՝ գրականության նկատմամբ եղած խորը հարգանքի, հոգածության արտահայտությունն է: Հրանտ Մաթևոսյանին և մեր գրականությանն արժանի շինություն է»,- նշեց նա: Տիգրան Մանսուրյանը հավելեց, որ զրուցել է Մաթևոսյանի որդու հետ, և վերջինս նրան պատմել է, թե ինչ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվելու այս կենտրոնում:

Դավիթ Մաթևոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գրագրություն է ընթանում «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի և ՀՀ կառավարության միջև:

«Մենք առաջարկել էինք, որ այս տարի շարունակվի երրորդ հարկի շինարարությունը, ինչպես նաև որպեսզի շենքը դրվի որևէ պետական գերատեսչության հաշվեկշռում, որ բոլոր գույքային, կոմունալ ծախսերը հոգացող լինի և այլն: Պատասխան ունենք ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից առ այն, որ 2019 թվականի բյուջեի շրջանակներում պատրաստ են երրորդ հարկի խնդիրը քննարկել: Վեց կետից բաղկացած կոնցեպտուալ նամակին պատասխանել են միայն մեկ կետի մասով, այն էլ մասնակիորեն»,- նշեց Դավիթ Մաթևոսյանը:

Մեծանուն գրողի որդու խոսքով՝ այս պահին ինքն անհրաժեշտություն է տեսնում, որ  կառավարությունում լինեն հանգուցային մարդիկ, ովքեր հայեցակարգը կհասկանան և հայեցակարգին տեր կկանգնեն: «Ցավոք, այդպիսի մարդ միայն մեկն է՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով զբաղված է համապետական խնդիրներով: Եթե այս հարցով զբաղվող թեկուզ մեկ ընկալունակ մարդ լինի, բացարձակ կարիք չի լինի, որ ամեն անգամ վարչապետին դիմենք»,-հավելեց նա:

«Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության, այլև հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու հանրահռչակմանը:   

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am