Եվրոպային դարակազմիկ փոփոխություններ են սպասում. Իտալիայի փոխվարչապետ

Armenpress 15:55, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի՝ հաջորդ տարվա մայիսին կայանալիք ընտրությունները կդառնան Եվրոպայում արմատական փոփոխությունների սկիզբը եւ վերջ կդնեն ֆինանսական սպեկուլյացիաների դարաշրջանին: Հոկտեմբերի 17-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Ռուսաստան իր այցից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գալիք եվրոպական ընտրությունները կդառնան Եվրոպայի ապագայի համար դարակազմիկ փոփոխությունների սկիզբը: Մեր ընդդիմախոսներն ասում են վերահաս աղետի մասին, բայց դա վերաբերում Է սոսկ նրանց անձնական շահերին: Իսկ եվրոպական ժողովուրդներին աննախադեպ հնարավորություն կընձեռվի ստեղծելու նոր Միություն, որն առաջին հերթին կլինի ինքնիշխան տարածքների միություն՝ հիմնված ժողովրդավարության սկզբունքների, այլ ոչ թե ֆինանսական սպեկուլյանտների շահերի վրա, ինչպես եղել Է մինչ այժմ»,- ասել Է Սալվինին: Փոխվարչապետի համոզմամբ՝ եվրոպական պաշտոնյաների կողմից քննադատության փոթորկի պատճառը, որին ենթարկվում Է Իտալիայի ներկայիս կոալիցիոն կառավարությունը՝ իր «Լիգա» կուսակցության եւ «5 աստղ» շարժման» կազմով, այն Է, որ «Բրյուսելի ֆինանսական շահապաշտպանները» չեն կարողանում հաշտվել իշխանության ղեկին մեր ներկայությանը»:

«Ինձ այդ արձագանքը չի զարմացնում. խամաճիկների կառավարելու շատ տարիներից հետո այժմ նրանք հարկադրված են գործ ունենալ երկու քաղաքական շարժումների հետ, որոնց շանտաժի ենթարկելու ոչինչ չկա եւ որոնք ոչ մեկին ոչինչ պարտք չեն եւ պատասխանատու են լոկ իրենց ժողովրդի առջեւ»,- նշել Է փոխվարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am