1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերած շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը

Armenpress 14:19, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը և այլք:

Չինաստանի դեսպանը նշել է, որ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերման ծրագիրը խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ: Դեսպանը տեղեկացրել է, որ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ  անցել է մասնագիտական վերապատրաստում: «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասել է դեսպանը:

Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ է, 135-ը` գծային շտապօգնության մեքենա: Արսեն Թորոսյանը նշել է, որ նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ: «Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ շտապօգնության մեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունով մեկ: 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնության ընկերությանը, 10 մեքենա՝ Երևանի բժշկական կենտրոններին, 131-ը՝  մարզերին:

Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին մանրամասն ներկայացրել են շտապ բուժօգնության ավտոմեքենաների հնարավորություններն ու դրանցում առկա տեխնիկական միջոցները: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am