«Հեքիաթ հավերժի» կամ ստեղծագործելու ուժը. «Սաշ»-ը ներկայացրել է բանաստեղծությունների իր նոր ժողովածուն

Armenpress 10:13, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավշյա հեղափոխությունն իրականացրած տաք ու լուսավոր երիտասարդությանն է նվիրել իր նոր՝ «Հեքիաթ հավերժի» բանաստեղծությունների ժողովածուն Սաշը: «Հեքիաթ հավերժի» գրքի բանաստեղծությունները վարակում են իրենց անմիջականությամբ: Բանաստեղծական ապրումը շիկացած է և տարերային: Տողն այնպես է կառուցված, որ ասես բանաստեղծն այն ուղղել է իր ներաշխարհին. ինքն իր դեմ մենամարտում է և ինքն իրեն հաղթում»,-գրքի նախաբանում գրում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: «Արմենպրես»-ը զրուցել է բանաստեղծի հետ նոր ժողովածուի ու ստեղծագործելու մասին: 

Սաշ և «Հեքիաթ հավերժի»

Շատերին է հետաքրքրում, թե ինչու եմ ընտրել «Սաշ»-ը որպես գրական կեղծանուն: Ասեմ, որ «Սաշ»-ը հապավում է: Այնտեղ կա իմ ազգանունը և անվան երկու տառերը:

«Հեքիաթ հավերժի» գիրքը իմ երկրորդ ժողովածուն է: Առաջին գիրքը կոչվում էր «Մենակությունս», այն հրատարակել եմ 2015 թվականին, բայց վաճառքի չեմ հանել, հիմնականում բաժանել եմ իմ հարազատներին, ընկերներին, ծանոթներին, այն մարդկանց, ում համարել եմ պոեզիային ավելի մոտ: Գիրքն ինձ համար ունեցել է երկու հիմնական նշանակություն: Նախ, ես պաշտպանել եմ հեղինակային իրավունքս, երկրորդ, երբ այն  տվեցի  մարդկանց, բավական հետաքրքիր արձագանքներ ստացա, ինչը և ինձ  պարտավորեցրեց էլ ավելի շատ ժամանակ գտնել ստեղծագործելու համար:

Ցավոք, ես ապրում եմ բացարձակ այլ ռիթմով, այլ աշխարհում, ու ափսոսում եմ, որ ամբողջովին չեմ կարող ներդրվել պոեզիայի մեջ: Անկեղծորեն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ:

Թավշյա հեղափոխության երիտասարդները

Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությունն իրականացրած փայլուն, հանճարեղ, լուսավոր  երիտասարդությանը: Անկեղծ ասած, ես նրանց երկա՜ր եմ սպասել: Մի քիչ ավելի շուտ հայտնվեցին, քան  կարող էի պատկերացնել: Ես ավելի քան համոզված էի, որ նրանք գալու են, բայց լավագույն դեպքում 5-10 տարուց:  Պարզվեց, որ նրանք արդեն մեր կողքին են: Հեղափոխությանն առնչվող մի քանի գործեր կան այս գրքում, որոնք իմ անկեղծ ու անմիջական արձագանքն են կատարվածին:

 Կցանկանայի, որ հեղափոխության օրերի ոգևորությունն ու հավատը երբեք չլքեն մեր երիտասարդներին առաջիկա տարիներին նույնպես, երբ հարկ կլինի հաղթահարել բազում դժվարություններ, որոնք բնորոշ են անցումային շրջանին:

Բանաստեղծությունների թեմատիկան

Իմ ստեղծագործության հիմնական մասը կազմում են լիրիկական երբեմն խոհափիլիսոփայական բանաստեղծությունները:

Աշխատել եմ պոեզիայից դուրս թողնել քաղաքականությունը: Իմ ներսում ահավոր շատ էր  դառնությունն ու անհամաձայնությունը: Մտածում էի, որ գոնե արվեստը պետք է հեռու լինի այդ ամենից, այն իր հետ պետք է բերի լույս, ջերմություն, սփոփանք: Ու այդպես մինչև 2016 թ. ապրիլյան պատերազմը… Իմ առաջին գործերը քաղաքական թեմաներով ապրիլյան պատերազմի արձագանքներ էին: Պարզապես անհնար էր լռել: Այն ժամանակ պատկերացնել անգամ չէի կարող, որ երբևէ կգրեմ նաև սիրով, հավատքով ու հույսով լցված բանաստեղծություններ:  

Ես համակարգված երբևէ չեմ ստեղծագործել: Ստեղծագործել եմ այն ժամանակ, երբ պարզապես չեմ կարողացել չգրել: Գրում եմ հիմնականում, երբ ասելիք ունեմ, թեկուզ մեկ տող, մեկ նախադասություն, որի շուրջ կառուցվում է բանաստեղծությունը: Ցանկանում եմ իմ ընթերցողին հաճելի բանաստեղծական պահեր, հաճելի զգացողություններ:

Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am