«Հայասի գրուպ»-ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին թույլ չի տալիս մոտենալ նրա ջրատարին

Armenpress 19:37, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայասի գրուպ» կոնյակի գործարանի աշխատակիցները «Վեոլիա ջուր» ՓԲԸ աշխատակիցներին չեն թողնում մոտենալ «Վեոլիա ջուր»-ին վարձակալությամբ հանձնված ջրատարին: Հոկտեմբերի 16-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելեցին գործարան, որի աշխատակիցներն արգելեցին պաշտոնյաների ու լրագրողների մուտքը «Հայասի գրուպ»-ի տարածք, հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Գործարանը գտնվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Այն կառուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընկերության կողմից խմելու ջրի ապօրինի օգտագործման համար:   Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանի խոսքով` իրենք արդեն պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:

«Գործարանը մինչ օրս «Վեոլիա» ընկերությունում գրանցված չէ որպես բաժանորդ: Ընկերությունն իր կողմից նախաձեռնություն ցուցաբերել է անցած տարի, որ նշված «Հայասի գրուպ»-ին բերի օրինական դաշտ: Այցելություններ են կատարել, սակայն որևիցե մեկը չի կարողանում ներս անցնել, տնօրենի հետ զրույց անցկացնել: Ամենազավեշտալին այն է, որ այստեղով անցնում է Էջմիածին քաղաքը սնուցող ջրատար խողովակը, և ի սկզբանե օրենքով արգելված էր , որ նման ջրատարի վրա կառուցվեր նման ընկերություն: Այս մեծ ընկերությունը, որը հյութեր ու խմիչքներ է արտադրում, խմելու ջրի բաժանորդ չէ: Կամ իրենք մեր ժողովրդին սպառման են տալիս գետի ջուր, կամ էլ՝ ապօրինի ջուր են օգտագործում: Կարծում եմ՝ համապատասխան իրավական նորմերով կդիմենք դատախազություն, որպեսզի իրենց պարտավորեցնեն մեզ թողնել տարածք, որպեսզի ուսումնասիրություններ կատարենք»,- ասաց Զատիկյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության «Արևմուտք» տարածքային տնօրինության գոտիավորման խմբի ղեկավար Վահագն Թովմասյանի խոսքով` իրենք բազմիցս փորձել են մուտք գործել գործարանի տարածք և մոտենալ իրենց վարձակալության տակ գտնվող ջրատարին:

«Ուսումնասիրությունների ժամանակ պարզ դարձավ, որ Բազմաղբյուրի ջրատարը, որը սնում է Էջմիածին քաղաքը, դրանից ճյուղավորվող ջրագծերն անցնում են «Հայասի» գործարանի տակով, որտեղ չեն պահպանվել ջրատարների, հարակից տարածքների օտարման կանոնները: Մենք սկսեցինք ուսումնասիրություններ կատարել: Բազմաթիվ անգամ վեճերով, տարբեր միջոցներով, իրավաբաններով փորձել ենք մուտք գործել, թույլ են տվել մեկ անգամ, բայց սահմանափակելով մեր մուտքը. թույլ չեն տվել ուսումնասիրել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ էր, որտեղ որ կասկածում էինք, որ հնարավոր է լինեն մեր ջրագծերից միացումներ: «Արևմուտք» տնօրինությունը որոշում կայացրեց, որպեսզի շահագործումը հեշտացվի, որոշ ջրագծեր շրջանցել են «Հայասի» գործարանի տարածքը: Կառուցել ենք մոտ 500մ ջրագիծ` շրջանցելով տարածքը: Մեկը տեխնիկապես հնարավոր չէ. Բազմաղբյուրի 500 մմ թուջե ջրատարն է, որը նիշերի տարբերությամբ հնարավոր չէր շրջանցել, քանի որ ջուրը չէր հոսի: Փորձեցինք ջրի ճնշումը նվազեցնել, որպեսզի հնարավորինս բացառենք տվյալ ջրատարից ջուր վերցնելը «Հայասի» գործարանի կողմից»,- ասաց Թովմասյանը:

«Վեոլիա ջուր» ներկայացուցչի խոսքով` եթե Բազմաղբյուրի ջրատարի վրա տեղի ունենա վթար, ամբողջ Էջմիածին քաղաքը կջրազրկվի: Այդ ժամանակ իրենք, գուցե, չկարողանան մոտենալ իրենց վարձակալության տակ գտնվող ջրատարին՝ վթարը վերացնելու աշխատանքներ կատարելու համար:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am