1000х90.jpg (78 KB)

Գևորգ Պետրոսյանը անհարկի հավակնությունների համար զսպաշապիկ է համարում վարչապետի թեկնածու չառաջադրելու հուշագրի ստորագրումը

Armenpress 17:05, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրելու հուշագրի ստորագրումը ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քաղաքական դիրքորոշման մեջ որոշակի հղկում է մտցնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ճիշտ չէ ասել, որ կնքված հուշագիրը բացարձակապես փոխում է մեր հայացքները. ունենք որոշակի պնդումներ, որոնք անելու ենք նաև հուշագրից հետո: Այո, սա որոշակի առումով հղկում է մտցնում մեր քաղաքական դիրքորոշումների մեջ, քանի որ հուշագիրն ավելի լայնամասշտաբ փաստաթուղթ է։ Հուշագրում կողմերը շրջանցել են անձնական, ներկուսակցական ամբիցիաները։ Իհարկե, որևէ հուշագիր ի զորու չէ հարյուր տոկոսով փարատել այն մտավախությունները, որ ունեն բոլոր քաղաքական ուժերը, սակայն  հուշագիրը գոնե զսպաշապիկ է քաղաքական անհարկի հավակնությունները գործի դնելու համար»,- ընդգծեց  Պետրոսյանը:

Նա հավաստիացրեց` իրենք ունեն գերխնդիր, որ բոլոր ուժերին մեկտեղեն Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։ Պետրոսյանի խոսքով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին թիկունքից չի հարվածել այդ հուշագիրը ստորագրելով: Պատգամավորը նշեց՝ իրենք իրենց գործողություններից հետ չեն կանգնել, պարզապես հուշագիրը որոշակի ուղղվածություն է մտցրել իրենց գործողություններում։

Խոսելով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին կողմ քվեարկելու մասին` Պետրոսյանը նշեց` ինքը ճիշտ է վարվել: Խնդիրն, ըստ նրա, վերաբերել է բացառապես ԱԺ բնականոն աշխատանքային գործընթացը չխոչընդոտելուն։ Նրա կարծիքով` դրանից օգտվելու է նաև ապագա խորհրդարանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական խմբակցություններին առաջարկել էր իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ հուշագիր ստորագրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 8-ին արտահերթ խորհրդարանական ընտրութունները դեկտեմբերին անցկացնելու և Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հուշագիր էին ստորագրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am