Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան

Armenpress 20:50, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա իր պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Նախատեսվում է, որ վաղը ՀՀ վարչապետը հրաժարական կտա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք սպասվո ՞ւմ է, որ վարչապետը հրաժարական կտա կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Եղոյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել. հնարավոր է, որ նիստի ընթացքում, հնարավոր է՝ 1 ժամ հետո, հնարավոր է` 7 ժամ հետո»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am