Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ մենակության դեմ պայքարի ռազմավարություն Է ներկայացրել

Armenpress 17:47, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել Է մենակության խնդրի դեմ պայքարի կառավարական ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հաղորդվում Է Միացյալ Թագավորության կառավարության կայքում: «Այսօր մենակությունը մեր հասարակության մեջ իրականություն Է չափազանց մեծ թվով մարդկանց համար:

Այն կարող Է վերաբերել յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից եւ ինտելեկտուալ զարգացման մակարդակից»,-հայտարարել Է Մեյը: «Այս ռազմավարությունը մեր երկրում երկարատեւ ու հեռագնա սոցիալական փոփոխությունների սկիզբն Է միայն: Այն ազգային քաղաքականության մեջ դիտարկվում Է որպես մենակությունն արմատախիլ անելուն ուղղված անհրաժեշտ առաջին քայլը»,-հավելել Է նա:

Փաստաթղթի համաձայն, նոր պրակտիկան, որը հայտնի Է որպես «սոցիալական պատվեր», բժիշկներին թույլ կտա մենակությունից տառապող պացիենտներին ուղարկել հասարակական աշխատողների մոտ, որոնք նրանց անհատական աջակցություն կցուցաբերեն: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, դա միայնակ մարդկանց կօգնի բարելավել հոգեբանական վիճակը եւ բարեկեցության մակարդակը: Վարչապետը հավաստել Է, որ այս ընթացակարգը հնարավոր կդառնա արդեն մինչեւ 2023 թվականը: Ինչպես նշվում Է նոր ռազմավարության մեջ, Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը ֆինանսավորում կստանա՝ նպատակ ունենալով միայնակ պացիենտներին ներգրավել տարատեսակ գործունեության մեջ, ներառյալ խոհարարական վարպետության դասերը եւ պարապմունքները տարբեր գեղարվեստական խմբերում:

Դա նաեւ, ինչպես ենթադրվում Է, կբարձրացնի միայնակ մարդկանց կյանքի որակն ու մակարդակը: Դեռ ավելին, Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 1,8 մլն ֆունտ ստեռլինգ (2,4 մլն դոլար) կհատկացնի հասանելի հասարակական վայրերի, ներառյալ նոր սրճարանների, ռեստորանների եւ ազատ ժամանցի կետերի թվաքանակն ավելացնելու համար: Մեյի խոսքով՝ սա պատմության մեջ առաջին փաստաթուղթն Է, որը բովանդակում Է «գործատուի պարտավորությունը» աշխատավայրում պայքարելու մենակության դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am