Վարչապետը, Ջոն Ադամսն ու ԱՄՆ դեսպանի դիպուկ ակնարկը

Armenpress 15:03, 15 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ,  15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրաժեշտի հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նրան համեմատեց ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսին։ Թեպետ դիվանագետը խուսափեց համեմատության հիմնական գծերի կոնկրետ մատնանշումից, դա ինքնին խորհրդանշական և ընդհուպ՝ ինտրիգային դիտարկում էր։ Ենելով ԱՄՆ երկրորդ նախագահի կառավարման շրջանից ու արդյունքներից՝ կարելի է վերծանել ԱՄՆ դեսպանի տողատակային ակնարկը՝ ուղղված Հայաստանին ու ՀՀ վարչապետին։

Դիվանագիտական կոկետությունը, նրբանկատությունը, ժեստերի   առնելով՝ Միլսի ակնարկը բավականին խոսուն է թվում։ Ըստ երևույթին, փորձելով հիշեցնել Ադամսի նախագահությունը՝ դեսպանը հուշում էր պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը, նմանօրինակ իրավիճակներում այլոց սխալները չկրկնելու, իսկ հաջողությունների բանալին որսալու կարևորությունը։

Ջոն Ադամսը ամերիկյան պատմության խոշոր դերակատարներից է, ԱՄՆ անկախության գաղափարական հիմնավորողներից ու ԱՄՆ անկախության հռչակագրի կերտողներից մեկը։ Նրա «Ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կառավարության Սահմանադրության» աշխատությունը այսօր էլ շարունակում է մնալ ամերիկյան հեղափոխության բանալի ստեղծագործություններից մեկը։ Պատկերացնելու համար Ադամսի դերակատարությունն ամերիկյան հեղափոխության գործում և անձնական հեղինակավորությունը ժամանակակիցների շրջանում՝ բավական է ասել, որ նա ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի փոխնախագահն էր և նրանից հետո ընտրվել է ԱՄՆ նախագահ։ Ադամսը, սակայն, միշտ չէ, որ ընկալելի է եղել իր շրջապատի, մրցակիցների ու չեզոք դիտորդների համար։ Հետաքրքիր է, որ նրա բարձրակարգ կրթվածությունն ու արհեստավարժությունը օտարների աչքում անհաղորդ էին թվում ճիշտ այնպես, ինչպես խիստ համառությունը։ Սկզբունքների հաշվին քաղաքական կոմպրոմիսների գնալու հարցում Ադամսն անդրդվելի էր, ինչը գործընկերների ու հակառակորդների համար խարան էր թվում։ Սակայն իր այդ համառությամբ և գաղափարականության պահպանմամբ՝ Ադամսը կերտում էր պետական մի գործչի կերպար, որը հետագայում տեսական ու գործնական դրսևորումներ պիտի ունենար ոչ միայն ամերիկյան պետակառավարման ասպարեզում։ Մարդկային հիմնարար ազատությունների հանդեպ խորագույն հարգանք տածելով՝ Ադամսը նույնիսկ մինչև ԱՄՆ անկախությունն էր բացասական համարում ստրկությունը և համառորեն ու սկզբունքայնությամբ հրաժարվում ստրուկներ պահելուց։ Ավելին՝ նա նույնիսկ դատարաններում պաշտպանում էր ստրուկների շահերը՝ պայքարելով նրանց ազատության համար։ Բացառիկ ինքնուրույնությամբ՝ Ադամսը հաճախ էր հակադրվում հասարակության ներսում առկա ախտերին՝ առաջարկելով քարացած ընկալումներից հրաժարվելու տարբերակներ։

Սխալի, բացասականի ու մերժելիի հետ փոխզիջումից հրաժարվելու անձնական բարձր հատկանիշներով՝ Ադամսին չհաջողվեց վերընտրվել նախագահի պաշտոնում և նա ստիպված եղավ բավարարվել նախագահական մեկ ժամկետով։ Դրանով հանդերձ՝ նա վիթխարի պատմական ներդրում ունեցավ ամերիկյան հեղափոխության հաջողության, պետական գործչի կերպարի կերտման և ԱՄՆ-ում պետակառավարման համակարգի կայացման գործում։ Եթե Վաշինգտոնի օրոք հիմնադրվեցին պետական ինստիտուտներն ու առաջին քայլերն էին կատարվում այդ ուղղությամբ, ապա Ադամսի կառավարումն աչքի ընկավ այդ ինստիտուտների կայացմամբ։ Նրա օրոք իրենց տեսական գործառնական ոգուն համապատասխան դրսևորվեցին նախագահի ինստիտուտը՝ որպես գործադիր իշխանության կրող ու քաղաքական հարաբերությունների շարժիչ, ԱՄՆ Կոնգրեսը՝ որպես օրենսդիր ու գործադիրին վերահսկող քաղաքական մարմին, Գերագույն դատարանը՝ որպես վերոնշյալ ինստիտուտների հավասարակշռության երաշխիք ու արդարադատական համակարգի հենասյուն։ Ադամսին հաջողվեց նաև կայացնել ընտրական ինստիտուտն ու ապահովել Սահմանադրության ֆունկցիոնալիզացիան՝ անգամ հակառակ իր նեղ-անձնական շահերին։

Այստեղ է, որ պարզ է դառնում Միլսի նվերի խորհրդանշականությունը, որով նա, փաստորեն, հաջող ընթացք է մաղթել Հայաստանի նոր կառավարությանը՝ առաջին հերթին պետական ինստիտուտների կայացման գործում։ 2018թ․ մայիսին ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Ն․ Փաշինյանին հաջողվեց կանխել տնտեսության՝ անխուսափելի թվացող գահավիժումն ու պետական կառավարման համակարգի աշխատանքի խաթարումը։ Դժվարությունների ու ստագնացիայի դրսևորումներով հանդերձ՝ անցած 6 ամիսներն աչքի ընկան կայունության պահպանման ընդգծված ջանքերի գործադրմամբ այն համատեքստում, երբ չզգացվեց արտաքին գործընկերների մոտ չհասկացված լինելու ու ներքաղաքական ռևանշիզմի մարտահրավերների պակասը։ Կարելի է արձանագրել, որ իրադարձությունների բնական զարգացմամբ Հայաստանը հանգեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք վերջ պիտի տան հեղափոխականության դրամատիզմին ու պետությունը փոխադրեն նորմալ զարգացման շրջափուլ։ Իսկ այդ շրջափուլը, իդեալական սցենարի պարագայում, պետք է աչքի ընկնի պետական ինստիտուտների պատշաճ, իրենց բնույթին համապատասխան և, որ ամենակարևորն է, քաղաքական հատկանիշի կայացմամբ։ Առաջիկա խորհրդարանը պետք է նշանային մակարդակում փոխանցի իշխանության այդ հանձնառությունը՝ լինել մաքսիմալ քաղաքական և դրսևորել որպես ինստիտուտ ձևակերպվելու պոտենցիալ։ Սա պետք է լինի նոր իշխանության հանձնառությունն ու, կարելի է ասել, քաղաքական պատասխանատվության ստանձնման առաջին քննությունը։

Այսպիսով, ապակոդավորելով ԱՄՆ դեսպան Միլսի ակնարկը՝ կարելի է արձանագրել, որ ՀՀ վարչապետին նմանեցնելով ԱՄՆ ամենասկզբունքային ու գաղափարական համառությամբ օժտված պետական գործիչներից մեկին՝ Միլսը հուշել է պետակառավարման համակարգի ինստիտուտների կայացման կենսական առաջնահերթությունը։ 1990-ական թթ․ հաջողությամբ լուծելով պետական ինստիտուտների հիմնադրման գործը՝ այսօր, ըստ էության, Հայաստանը կանգնած է դրանց կայացման մարտահրավերի առաջ։ Եվ Թավշյա հեղափոխության առաջնահերթությունը պետք է դառնա պետական համակարգի աղճատված բնույթի վերացումն ու կառավարման/արդարադատական ինստիտուտների քաղաքական բնույթի կայացումը։ Շուրջ երկու տասնամյակ Հայաստանում պետական հայեցակարգը քարոզել է «ապաքաղաքական ընտրություններ» և «ապաքաղաքական քաղաքականություն» հասկացությունները, իսկ այսօր այդ պրակտիկան պիտի ենթարկվի արմատական վերանայման։ Վերջինիս առաջին ակորդը պրոֆեսիոնալ խորհրդարանի ձևավորումն է, որը պետք է պառլամենտը վերածի անշրջելի քաղաքական ինստիտուտի և իրողության։ Ըստ էության, անհնարինն արված է՝ հանձին հեղափոխության միջոցով վնասակար ընթացքի կասեցման, այժմ եկել է դժվարինի փուլը։ 

Նժդեհ Հովսեփյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am