Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

Armenpress 11:21, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր:

Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով սահմանախախտը Իրանի Ւսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Ռուս սահմանապահները նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am