Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Armenpress 19:06, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի հարցերը և ստորագրվել 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև տարաբնույթ համագործակցության ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպման ընթացքում հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ծրագրի շրջանակներում Դավիթ Տոնոյանն առանձին արարողակարգային հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանի պաշտպանության նախարար Աբդուսալոմ Ազիզովի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am