Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի նախագծերը ամփոփման փուլում են

Armenpress 17:21, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարդատության  նախարարության համար չափազանց կարևոր են քրեական արդարադատության բարեփոխումների և քրեակատարողական հիմնարկների  առողջապահության ոլորտում կատարվող շեշտակի տեղաշարժերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպայի խորհրդի  և Եվրամիության կողմից իրականացվող  «Գործընկերություն  հանուն լավ կառավարման» ծրագրի արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:

«Մենք ձեռնամուխ էին եղել Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի պատրաստմանը, ինչը գտնվում է վերջնական ամփոփման փուլում: Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները համապատասխան ծրագրերի միջոցով տրամադրել են փորձագիտական եզրակացություն այս երկու կարևոր ոլորտներում:

Մասնավորապես` Քրեական օրենսգրքի նախագծի հետ կապված կարծիքը ամփոփվել է աշխատանքային խմբի կողմից և նույնիսկ մարտին հանրային քննարկման է դրվել, և ներկայացված առաջարկությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ»,- ընդգծեց Ասատրյանը:

Նա նշեց, որ այդ երկու կարևորագույն  օրենսգրքերը, որոնց նպատակն է համապատասխանեցնել ոլորտները  եվրոպական ստանդարներին, շարունակում է մնալ ՀՀ կառավարության և արդարադատության նախարարության  առաջնահերթություններից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am