Արցախի պետնախարարն ընդունել է Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 16:28, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը իր խոսքում կարևորել է համալսարանի կողմից տարիներ ի վեր Արցախում իրականացվող Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ աշխատատեղեր ստեղծելու ու համայնքներում կյանքը բարելավելու նպատակով: Գ. Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել նաև բարերար Ջերալդ Թրփանջյանին տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մշտապես Արցախին աջակցություն ցուցաբերելու համար:

Հարություն Արմենյանը պետնախարարին հավաստիացրել է, որ ծրագիրը կշարունակվի, և ներկայումս բանակցում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ, որպեսզի սեփական բիզնեսը ստեղծել ցանկացող շրջանավարտները ևս ծրագրից օգտվելու հնարավորություն ունենան: Դրան զուգահեռ՝ որպես նոր առաջարկ՝ ներկայացվել է նաև գյուղական վայրերում մասնավոր բժշկությունը զարգացնելու ծրագիրը:

Պետնախարարը ողջունել է առաջարկները և հայտնել կառավարության պատրաստակամությունը ծրագրերի իրականացմանը նպաստելու գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am