ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա

Armenpress 15:50, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական անդամակցության վերաբերյալ հայտարարությունն արվել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության և ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ 

‹‹Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների և պատմական համերաշխության  խորությունը։ Այն նաև արտացոլում է մեր հավատարմությունն այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Այս համատեղ հանձնառությունը փաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի կարևորության մասին ››,- ասաց Զաքի Նուսեյբան։

ԱՄԷ պետնախարարն ընդգծեց նաև, որ ֆրանսերենն ամրապնդում է մշակութային բազմազանությունը՝ իր մեջ ներառելով հանդուրժողականության և բազմամշակութայնության արժեքները։ Ֆրանսերենն իրենից ներկայացնում է նաև համամարդկային ժառանգության կարևոր մաս, ինչն այս լեզուն դարձնում  է այն աղբյուրներից մեկը, որը խաղաղության արժեքներ և մշակույթ է սերմանում տարբեր ժողովուրդների մեջ։

ԱՄԷ պատվիրակությունը՝ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։  Պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հարցերով նախարարի օգնական Յակուբ ալ-Հուսնին, ՄԱԿ-ի վարչության պետ Մուհամմադ Սեյֆ Հիլալ ալ- Շեհին, կապի վարչության փոխտնօրեն Ամինա Աբդ Ալլահ ալ-Համմադին, ֆրանկոֆոնիայի հարցերով բաժնի պետ Սալեմ Սահիլ ալ-Նիյադին, Մարիամ Զայեդ ալ- Մազրուին և Ալիա Իբրահիմ ալ-Հուսնին։  

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան հանդիպել է նաև ԵՊՀ Արաբագիտության բաժնում ոսովորող մի խումբ ուսանողների հետ, ովքեր ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնած կրթական ծրագրի շրջանակում  այս տարի այցելել էին ԱՄԷ։ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայ ուսանողները ճանաչողական այցեր են կատարել ալ-Բաստակիա քաղաք, ‹‹Իթթիհադ››  թանգարան, որոնց ընթացքում ծանոթացել են ԱՄԷ մշակույթին, պատմությանը և հիմնադրման փուլերին։

Բացի այդ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ-Քասիմին ԵՊՀ Արևելագիտության բաժնում բացել է  Էմիրությունների անվան լինգաֆոնային լսարան, ինչը ևս վկայում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ մշակութային երկխոսության ամրապնդման ԱՄԷ հանձնառության մասին։

ԱՄԷ-ն մասնակցել է նաև Երևանի կենտրոնում անցկացված «Ֆրանկոֆոնիայի ավան» ցուցահանդեսին, որի ժամանակ էմիրություններից ժամանած մշակութային խմբերը ներակայացրել են էմիրաթական ազգային ժառանգությունը։   



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am