Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսում Մարալիկում

Armenpress 14:29, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ կիրականացնի Մարալիկի քաղաքապետարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին հայտնեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: «Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում, դիմել են մեզ, որպեսզի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք Մարալիկ»,- ասաց Սանասարյանը:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ներկայացրեց Մարալիկի քաղաքապետարանի դիմաց  բնակիչների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նա հակիրճ ներկայացրեց իրենց քայլերը: «Մենք հիմա սպասում ենք, որ Մարալիկի քաղաքապետը, քաղաքապետարանի անձնակազմը գան այստեղ: Ձեզ պետք է խնդրեմ, որ թողեք նրանք գան, հանգիստ ներս մտնեն: Մեր աշխատակիցները ներսում կլինեն, ես կգամ, ձեզ հետ կշփվեմ, իրենք էլ իրենց գործը կանեն»,- նշեց Սանասարյանը:

Մարալիկում տևական ժամանակ շարունակվում են բողոքի ակցիաները: Բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և տարբեր անօրինականությունների մեջ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am