ԿԺԴՀ-ում պատրաստ են մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների ներքո

Armenpress 12:45, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ում, եթե պահանջվվի, պատրաստ են թեկուզ մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների գործողության ներքո՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Նոդոմ սինմուն» հյուսիսկորեական թերթի՝ Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի օրգանի հրապարակումը:

«Նոդոմ սինմուն»-ի հոդվածում ասված Է, որ ԿԺԴՀ-ն ինքնուրույն կկարողանա ապրել թեկուզ հարյուր տարի: «Թող նրանք պատժամիջոցներին հետեւեն թեկուզ հետագա տասը տարվա կամ հարյուր տարվա ընթացքում: Մենք կհաղթահարենք ցանկացած պատժամիջոց ու դժվարություն՝ դառնալով աշխարհի ամենահզոր տերությունն ու սոցիալիստական դրախտը»,- գրում Է թերթը:

Հյուսիսային Կորեայում նաեւ նշել են, որ «թշնամիները» որոշեցին «սպանիչ շրջափակումն իրականացնել այն բանից հետո, երբ տապալվեցին ԿԺԴՀ-ն ռազմական ուժով խեղդելու նրանց փորձերը»: Նյութի հեղինակները կոչ են անում հյուսիսկորեացի քաղաքացիներին՝ պայքարել իրենց տնտեսական անկախության համար եւ զարգացնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն հաղթահարելու պատժամիջոցների հետեւանքները: Հարավկորեական ԶԼՄ-ները նշում են, որ այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ այս շաբաթ ավելի վաղ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես եկան Փհենյանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերնայման օգտին: Մոսկվայում կայացած կոնսուլտացիաներում կողմերը պաշտպանել են Փհենյանի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ տեղի ունեցող շփումները:

Ռուսաստանը, Չինաստանն ու ԿԺԴՀ-ն նշել են, որ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացը պետք Է ունենա փուլային ու համաժամանակյա բնույթ եւ ուղեկցվի ներքաշված երկրների ընդառաջող քայլերով: Իր հերթին, Կորեայի Հանրապետությունը դիտարկում Է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտարարել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան՝ ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ընթացքում, «ներկայում կառավարությունը դիտարկում Է դրա հնարավորությունը»: Կան Գյոն Հվայի խոսքով՝ միակողմանի պատժամիջոցների չեղարկումը կդառնար «կարեւոր խորհրդանշական քայլ», քանի որ դրանք մեծապես կրկնորդում են ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակիչ միջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am