«Արմենպրես»-ն արդեն խոսում է հինգ լեզվով. ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

Armenpress 12:35, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրահոսն ընթերցողներին հասանելի է նաև ֆրանսերեն լեզվով: Լրատվական գործակալությունը  գործարկել է իր արդեն հինգերորդ լեզվական տարբերակը` ֆրանսերեն բաժինը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով միջոցառումների  մամուլի սրահում գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրեց նոր՝ ֆրանսալեզու բաժինը:

«Հոկտեմբերի 1-ից գործարկել ենք «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆրանսերեն էջը: Բաժինը գործել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում, գագաթնաժողովի լուրերը ներկայացրել է հենց ֆրանսերենով,  հայաստանյան լրահոսը` նույնպես ֆրանսերենով: Սա «Արմենպրես»-ի հինգերորդ լեզվական տարբերակն է` հայերենին, ռուսերենին, անգլերենին և արաբերենին զուգահեռ:  Ֆրանսերեն տարբերակը, չնայած դեռ սոցիալական ցանցերում քիչ ներկայացվածություն ունի, սակայն օրական կտրվածքով մի քանի հազար ընթերցող է կարողացել մոբիլիզացնել»,-ներկայացրեց Արամ Անանյանը:

Օրվա ընթացքում մոտ 40-50  լրատվական արտադրանք թարգմանվել է ֆրանսերեն և տեղադրվել «Արմենպրես»-ի ֆրանսերեն բաժնում: Ֆրանսերեն լեզվով են նաև լուսանկարների տեսանյութերի գլխագրերը: Անանյանը նշեց` բաժինը, հավանաբար, կպահպանվի, քանի որ ֆրանսերեն տարբերակն իսկապես պահանջված է:

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական լրատվական գործակալությունն արդեն խոսում է իր հինգերորդ լեզվով: Մենք ուրախ ենք նաև, որ մեր գործընկերները ևս ֆրանսալեզու նյութեր են թողարկում,  և պատրաստ ենք մեր արտադրանքով նույնպես կիսվել նրանց հետ` տալով ֆրանսալեզու լավ լրատվական արտադրանք»,-նշեց գործակալության տնօրենը:

«Արմենպրես»-ը  ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Flickr-ի լրատվական ժապավենում  ներկայացնում է  նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան 17-րդ գագաթնաժողովի ողջ պաշտոնական ֆոտոհոսքը: Այս պահի դրությամբ Flickr-ում տեղադրված է  1285 լուսանկար `21 ֆոտոալբոմով: Գագաթնաժողովից հետո այն նույնպես կպահպանվի և կլինի հասանելի:

Երևանում անցկացվող գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանն իր հերթին փաստեց, որ թե ֆրանսալեզու բաժինը ստեղծելով, և թե գագաթնաժողովի պաշտոնական ֆոտոհոսքն ապահովելով «Արմենպրես»-ը հրաշալի աշխատանք է կատարել:

«Վստահ եմ, որ ֆրանսերեն լրահոսի ապահովումը շարունակական է լինելու, պահպանվելու է ոչ միայն Հայաստանի նախագահութան ընթացքում` առաջիկա երկու տարիներին, այլ նաև հետագայում, քանի որ Հայաստանը խորացնելու է իր ներգրավվածությունը ֆրանսախոս աշխարհում»,- հավելեց նա:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆրանսալեզու բաժինը գործարկվել է հոկտեմբերի 1-ից:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am